Գլխավոր Լրահոս

Պակիստանի հետախուզությունը Բանգլադեշը վերածում է թմրաահաբեկչության և հակահնդկական գործողությունների հանգույցի

Պակիստանի հետախուզությունը Բանգլադեշը վերածում է թմրաահաբեկչության և հակահնդկական գործողությունների հանգույցի

Բանգլադեշը արագ վերածվում է Պակիստանի հիբրիդային պատերազմի ռազմավարության առանցքային օղակի, գրում է Southasiapress կայքը։

Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (երկրի հիմնական հետախուզական կառույցը, որը միավորում է մի քանի մարմին, ISI) Դաուդ Իբրահիմի ղեկավարած D-Company հանցախմբի հետ կապերի միջոցով ձգտում է Բանգլադեշի տարածքում ստեղծել թմրանյութերի տարանցիկ ցանցեր ու ահաբեկիչների պատրաստման ճամբարներ։

Տարածաշրջանային հետախուզական գնահատումները ցույց են տալիս, որ Դաքայում 2024-ին տեղի ունեցած քաղաքական ճգնաժամից և Մուհամմադ Յունուսի գլխավորած միջանկյալ կառավարության ձևավորումից հետո, Իսլամաբադը արագացրել է ջանքերը՝ Բանգլադեշը վերածելու հարթակի, որտեղից հնարավոր կլինի ապակայունացնել Հնդկաստանը և ֆինանսավորել գլոբալ ջիհադիստական պրոքսիներին։

Պակիստանի հետախուզության և Դաուդ Իբրահիմի համագործակցությունը սկիզբ է առել դեռ գեներալ Զիա ուլ Հաքի «նարկոջիհադի» դարաշրջանում․ թմրանյութերից ստացված եկամուտները վաղուց են միահյուսված Պակիստանի գաղտնի գործողություններին։ Դաուդի՝ Կարաչիից գործող հանցախումբը, որը ԱՄՆ-ի կողմից հռչակված է ահաբեկչական միավոր, այժմ Աֆղանական հերոինը, մետամֆետամինը և սինթետիկ թմրանյութերը տեղափոխում է Բանգլադեշի նավահանգիստներով՝ Հնդկաստանի կողմից ավանդական ուղիների խստացրած վերահսկողությունից հետո։ 2025-ի հոկտեմբերին Չիթագոնգի նավահանգստում բռնագանձվել էր 25 տոննա թմրանյութային որակի և նպատակի համար հարմար կակաչի սերմ, որը թաքցվել էր Պակիստանից ուղարկված «թռչնային սննդի» բեռի մեջ՝ Պակիստանի հետախուզությանը բնորոշ քողարկման բարդ մեթոդներով։

Դաքայի գործող վարչակարգի մի շարք քաղաքական որոշումներ լայնացրել են այս ներթափանցման հնարավորությունները․ 2024-ի սեպտեմբերին Պակիստանից եկող բեռները ազատվել են պարտադիր զննությունից, իսկ 2024-ի դեկտեմբերին թուլացվել են նաև պակիստանցիների համար նախատեսված անվտանգության ստուգումները։ Տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են, որ D-Company-ն գործում է Չաթոգրամում և Կոքս Բազարում և հիմնել է լոգիստիկ հանգույցներ, իսկ եկամուտները լվանում է անշարժ գույքի գործարքների և հավալա ցանցերի միջոցով՝ միաժամանակ համագործակցելով Մյանմարի թմրանյութերի խմբավորումների հետ։

Թմրաբիզնես և ոչ միայն

Թմրանյութերի տարանցումից բացի, Պակիստանը Բանգլադեշի տարածքն ակտիվ օգտագործում է հակահնդկական ուղղակի գործողությունների համար։ ISI-ի գործակալները, այդ թվում՝ Պակիստանի բանակի նախկին հատուկջոկատայիններ, 125-ից ավելի անձ են հավաքագրել ու պատրաստել, նրանց թվում ավելի քան 50 ռոհինջա երիտասարդ, ինչպես նաև Ansarullah Bangla Team և Hizb-ut-Tahrir խմբերի անդամներ։ Պարապմունքներն անցկացվում են Բանդարբան, Բրահմանբարիա և Սիլհեթ շրջանների հեռավոր ճամբարներում, որտեղ սովորեցվում է ինքնաշեն պայթուցիկների պատրաստում, պարտիզանական մարտավարություն և սահմանային ներթափանցում։ Ճամբարները դիտմամբ տեղակայված են Հնդկաստանի հյուսիսարևելյան չեզոք, անարգել հատվածների մոտ։ Պատրաստություն անցնող անձինք  ուղարկվում են գործողությունների ոչ թե Մյանմարում, այլ Հնդկաստանի տարածքում դիվերսիաներ իրականացնելու նպատակով։

Պակիստանի հետախուզությունը նաև աշխատանք է կատարում, որ տարբեր ռոհինջա զինված խմբավորումներին՝ ARSA, RSO, Islami Mahaz և այլոց, միավորի «Չորս եղբայրների դաշինքում», և նրանց մատակարարում է զենք ու պայթուցիկ նյութեր։ Միաժամանակ, պակիստանցիների ճամբարներում ապրող հազարավոր ուրդուախոս բիհարյա բնակիչներից կազմակերպվում են զինյալ ջոկատներ՝ «Մոհաջիրական գունդ» անվամբ, որը զբաղվում է լրտեսությամբ և ներսից ապակայունացմամբ։

Այս բոլոր գործողությունները տեղավորվում են Իսլամաբադի լայն ռազմավարության մեջ՝ Հնդկաստանը շրջապատել պրոքսի պատերազմներով, հեղեղել նրա հյուսիս-արևելքը թմրանյութերով ու ապստամբական ցանցերով և աստիճանաբար քայքայել Բանգլադեշի աշխարհիկ պետության հիմքերը՝ այնտեղ իշխանության բերելով Իսլամաբադին հավատարիմ իսլամիստական ղեկավարություն։ Թմրանյութերի բարձր ռիսկ ունեցող գործունեությունը Բանգլադեշ տեղափոխելով՝ Պակիստանը նաև խուսափում է FATF-ի վերահսկողությունից՝ միաժամանակ ապահովելով ահաբեկչական ցանցերի համար միլիարդավոր դոլարների ֆինանսավորում։

Տարածաշրջանային անվտանգության պատասխանատուները զգուշացնում են՝ եթե չձեռնարկվեն համակարգված հակաքայլեր, Բանգլադեշը կարող է վերջնականապես վերածվել Հարավային Ասիայի նարկո-ահաբեկչության կենտրոնի, ինչն անմիջական սպառնալիքներ է ստեղծում Հնդկաստանի ներքին կայունության և Բենգալյան ծոցի ծովային անվտանգության համար։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում