Չինաստանի Ազգային բանկը հայտարարել է, որ դոլարը շարունակում է մնալ պահուստային ամենակարևոր արժույթն աշխարհում: Մինչ այժմ Պեկինում պնդում էին, որ պետպարտքը խարխլել է ԱՄՆ-ի տնտեսության հիմքերը։
Չինաստանի Ազգային բանկի հետազոտական ինստիտուտի նախագահ Ցզին Չժոնսյայի զեկույցի համաձայն՝ դոլարը կշարունակի պահպանել գերիշխող դիրքերը գլոբալ մակարդակում։ «Դոլարը շարունակում է մնալ հիմնական պահուստային արժույթը, որին լրացնելու են առնվազն չորս խոշոր արժույթներ՝ եվրոն և բրիտանական ֆունտը Եվրոպայում, ճապոնական յենը և չինական յուանը՝ Ասիայում»,– ասված է զեկույցում։
Դեռ մի քանի տարի առաջ՝ ֆինանսական ճգնաժամի ընթացքում, Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն զգուշավորությամբ էր խոսում ԱՄՆ-ի պետպարտավորություններում ներդրումների մասին, իսկ Ազգային բանկը հանդես է գալիս Արժույթի միջազգային հիմնադրամի վերահսկողությամբ համաշխարհային պահուստային նոր արժույթ ստեղծելու առաջարկով։
2010թ. վերջից Չինաստանը պահուստներում հետևողականորեն կրճատում էր ԱՄՆ-ի պետպարտատոմսերի ծավալը։ 2011թ. փետրվարին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ պաշտոնական Պեկինը երկրորդ ամիսն անընդմեջ կրճատում է ԱՄՆ-ի պարտատոմսերի պորտֆելը: Այսպես՝ 2010թ. դեկտեմբերին չինացիները վաճառել էին $4 մլրդ-ի ԱՄՆ-ի պետպարտատոմսեր՝ պորտֆելը նվազեցնելով մինչև $891,6 մլրդ։
Չժոնսյայի կարծիքով՝ եվրոյի նկատմամբ Չինաստանի «խանդավառությունը» մարել է եվրոգոտու պարտքային ճգնաժամի պատճառով։ «Եվրոգոտու պարտքային ճգնաժամը վկայում է եվրոյի՝ թույլ արժույթի լինելու մասին։ Եվրոն հուսալի տարածաշրջանային պահուստային արժույթ է, սակայն այն մոտ ապագայում կշարունակի մնալ երկրորդը՝ գլոբալ մասշտաբով»,– ասված է զեկույցում։
ԱՄՆ-ը նաև ոչ պաշտոնական դոլարային գոտի ունի: Նրանում ընդգրկված են երկրները, որոնք դոլարը միջազգային տրանզակցիաներում օգտագործում են որպես փոխհաշվարկային հիմնական արժույթ, շեշտվում է զեկույցում։ Ըստ Չժոնսյայի՝ դոլարային գոտին շատ ավելի հուսալի և հավասարակշռված է՝ ունակ դիմակայելու տարբեր ցնցումների։
Civilnet











