Գլխավոր Լրահոս

Ընդդիմությունն ԱԺ-ում քննարկեց քաղբանտարկյալների հարցը

Ընդդիմությունն ԱԺ-ում քննարկեց քաղբանտարկյալների հարցը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր քաղբանտարկյալների հարցով լսումներ էին կազմակերպել Խորհրդարանում։ Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ Կառավարության անդամների սեղաններին տեղադրվել էին այն անձանց նկարները, որոնց ընդդիմադիրները քաղբանտարկյալ են համարում։

Դրանց թվում են ազատազրկված արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը, գործարար Սամվել Կարապետյանը, ակտիվիստ Լիդյա Մանթաշյանցը և այլք։ 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ մարդկանց անտարբերությունն ու լռությունն է պատճառը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։  

«Սա իմ քաղբանտարկյալն է, իմ քաղբանտարկյալը չէ, լուսաբանման մեջ ենք խաղում, խոսույթի մեջ ենք խաղում»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ չի կարելի տարբերակում դնել քաղբանտարկյալների միջև նպատակահարմարությունից ելնելով։ «Այս քաղբանտարկյալների գոյությունն անձնական պատմություններ չեն միայն, նրանք նաև քաղաքական հիվանդության ախտորոշում են»,- ասաց Աշոտյանը։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ նշեց, որ ընդդիմությունը պետք է առաջնորդվի «որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է» սկզբունքով։ Պատգամավորը ներկայացրեց այն կետերը, որոնց շուրջ ընդդիմությունը կարող է համագործակցել ։

«Բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նկատմամբ, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն։ Պետք է առաջնորդվել «որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է» սկզբունքով։ Այսինքն` եթե ՀՀ որևէ քաղաքացի հալածանքի է ենթարկվում այս իշխանության կողմից, մենք պետք է մեկտեղենք ջանքերն ու պայքարենք նրա իրավունքների պաշտպանության համար»,- ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմությունը քաղբանտարկյալ է համարում գործարար Սամվել Կարապետյանին, որին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և փողերի լվացման համար: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, որին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանությունը զավթելու փորձի հոդվածներով, Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, որին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչերի հատկանիշներով։ 

Այս անունների կողքին ընդդիմությունը տասնյակ անուններ է նշում։ 

Արմեն Աշոտյանն արձանագրում է, որ Հայաստանում դեռ քաղբանտարկյալների թվի հստակ վիճակագրություն չկա։

Իշանությունն ասում է, որ կալանավորվածների դեմ ներկայացված են օրինական քրեական մեղադրանքներ, և գործերն ընթանում են դատական կարգով։

Սակայն ընդդիմությունը և անկախ դիտորդները նշում են, որ դատարանները դարձել են քաղաքական գործիքներ՝ ընդդիմադիրներին լռեցնելու և հնարավոր քաղաքական մրցակիցներին  ճանապարհից հեռացնելու համար։   

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում