ԱԺ հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել են պատգամավորներ Մերի Գալստյանը և Արուսյակ Մանավազյանը։
Նախագիծն առաջարկում է կարգավորել տնային, թափառող, ծառայողական և ցուցադրման կամ ժամանցային նպատակներով օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները։ Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը: Նախատեսվում է 3 մարզկենտրոնում կառուցել կենդանիների կացարան` վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաև ժամանակավոր պահման և կերակրման հանձնված կենդանիները:
Մերի Գալստյանի տեղեկացմամբ առաջարկվող կարգավորումները չեն տարածվելու գյուղատնտեսական, որսի, ինչպես նաև մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունների վրա: Նշվել է, որ նախագծերի մշակման փուլում հեղինակներն ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը: Տեղի են ունեցել քննարկումներ Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան և անպատասխանատու գործողությունները, ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Պատասխանատվություն է նախատեսվում կենդանիներին լքելու համար:
Civilnet











