Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը և Ֆրանսիան համատեղ երկինք-երկիր դասի հրթիռ կարտադրեն

Հնդկաստանը և Ֆրանսիան համատեղ երկինք-երկիր դասի հրթիռ կարտադրեն

Հնդկաստանի պետական Bharat Electronics Limited (BEL) ընկերությունն ու ֆրանսիական Safran Electronics and Defence (SED) ընկերությունը ստորագրել են համատեղ ձեռնարկություն ստեղծելու համագործակցության համաձայնագիր՝ Հնդկաստանում HAMMER (Highly Agile Modular Munition Extended Range) բարձր ճշգրտության, խելացի երկինք-երկիր սպառազինության արտադրության համար։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության՝ երկուշաբթի հրապարակած հայտարարության համաձայն՝ այս համաձայնագիրը պաշտոնականացնում է BEL–ի և SED–ի միջև 2025-ի փետրվարի 11-ին Aero India-ի շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրով ամրագրված մտադրությունը։ Կողմերը վերահաստատել են Հնդկաստանում համատեղ ձեռնարկություն ստեղծելու պատրաստակամությունը։

Նշվում է, որ համատեղ ձեռնարկությունը ձևավորվելու է որպես փակ բաժնետիրական ընկերություն՝ 50:50 բաժնեմասերով։ Այն կիրականացնի HAMMER հրթիռների տեղայնացված արտադրությունը, մատակարարումը և սպասարկումը՝ դրանք ինտեգրելով Հնդկական ռազմաօդային ուժերի Rafale կործանիչներին և Նավատորմի Rafale Marine ինքնաթիռներին՝ երկու ստորաբաժանումների օպերատիվ կարիքները բավարարելու համար։

Արտադրության տեղայնացման մակարդակը փուլ առ փուլ կհասնի մինչև 60%․ Հնդկաստանում կարտադրվեն հիմնական էլեկտրոնային և մեխանիկական հանգույցները։

Արտադրության փոխանցումը կիրականացվի փուլային ձևով․ BEL–ը կկատարի վերջնական հավաքումը, փորձարկումները և որակի երաշխավորումը։

Հնդկական The Print թերթը դեռ 2021-ի հուլիսին գրելէր, որ Չինաստանի հետ լարվածության պայմաններում նոր ստացված Rafale–ների արագ տեղակայումը ապահովելու համար Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ընտրել էին HAMMER համակարգը, որը ութ տարի առաջ Հնդկաստանի ԶՈւ-ն մերժել էր՝ փոխարենն ընտրելով  իսրայելական Spice 2000–ը (օգտագործվել է Բալակոտի հարվածների ժամանակ):

HAMMER–ը բաղկացած է ուղղորդման և հեռահարության երկարացման սարքերից, որոնք տեղադրվում են տարբեր տեսակի ստանդարտ ավիառումբերի վրա։ Այն չի ներառվել 2016-ին ստորագրված 36 Rafale–ի և դրանց սպառազինության փաթեթի պայմանագրում՝ բարձր արժեքի պատճառով, որը կբարձրացներ ամբողջ պայմանագրի գինը։

Համակարգը հետագայում գնվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի արտակարգ գնումների շրջանակում, ինչի վրա ծախսվել է մոտ 40 մլն դոլար։

HAMMER–ը գնվել է նաև այն պատճառով, որ Rafale–ն ավելի կարճ՝ մոտ 70 կմ հեռահարությամբ բարձր ճշգրտության, ամուր թիրախներ և բունկերներ խոցող հրթիռ չուներ։ Սկզբում նախատեսվում էր Rafale–ը համալրել Spice 2000 հարվածային հավաքակազմերով, որոնք արդեն ինտեգրված էին Հնդկաստանի մյուս ֆրանսիական ծագմամբ օդուժի պարկի՝ Mirage 2000 ինքնաթիռներում։

Սակայն Չինաստանի հետ լարվածության աճի պատճառով որոշվել է գնել HAMMER և ընտրությունը չանել հօգուտ իսրայելական զինատեսակի, քանի որ դա կպահանջեր ավելի բարձր ծախսեր և երկար ժամանակ։

HAMMER–ը, ինչպես հուշում է իր ամբողջական անվանումը, շատ բարձր մանևրողունակություն ունի և հարմար է լեռնային տեղանքում գործողությունների համար, օրինակ՝ Լադակիում։

HAMMER–ն օգտագործում է Talios դիտարկման և նշանառության կոնտեյները, սակայն, ինչպես նախկինում գրել էր The Print–ը, Հնդկաստանի ռազմաօդային ուժերը Rafale–ների համար ընտրել են իսրայելական Litening Pod–ը՝ օդուժի տարբեր հարթակներում սենսորային միասնականությունը ապահովելու և ծախսերը նվազեցնելու համար, քանի որ Talios–ը գրեթե կրկնակի թանկ էր։ Sagem ընկերությունը՝ Safran խմբի բարձր տեխնոլոգիական ստորաբաժանումը, որը արտադրում է HAMMER-ը, դեռ 2016-ի ապրիլին պայմանագիր էր ստորագրել այժմ սկանդալներով հայտնի OIS-AT ընկերության (սեփականատերը՝ Սանջայ Բանդհարի) հետ՝ Հնդկաստանում այս զինատեսակի արտադրության նպատակով։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում