Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը կրկին տարածում են կեղծ գրառումներ օդերևութաբան Գագիկ Սուրենյանի անունից: Նոյեմբերի 27-28-ին հրապարակված գրառումներում ասվում է, թե Սուրենյանը նոր հայտարարություններ է արել Երևանի օդի աղտոտվածության և կտրուկ եղանակային փոփոխությունների մասին:
«Այ քեզ սենսացիա․ եղանակը բերելու է անսպասելի փոփոխություններ, որոնք լինում են միայն 100 տարին մեկ»,- նշված է նոյեմբերի 27-ին տարածված գրառումներից մեկում:

«Զգոն եղեք ու չենք մոռանում… Սուրենյանը հայտարարություն է տարածել…»,- գրել է 258 հազար հետևորդ ունեցող Blogger.am էջը նոյեմբերի 28-ին՝ կցելով Սուրենյանի լուսանկարը:
Սակայն իրականում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսպիսի հայտարարություններ չի արել: Գրառումները, որոնք օգտատերերի կողմից հավանումներ են ստացել, ամբողջությամբ հորինված են։
Գրառումներում մեկ բան է ներկայացվում, հոդվածում՝ բոլորովին այլ
Գրառումներին կցված են arm.arminfonews[.]ru կայքի հղումները. այս կայքը վերջին ամիսներին պարբերաբար հորինված պատմություններ է հրապարակում։
Տես՝ Կեղծ լրատվական էջերը շահարկում են ողբերգական դեպքերը՝ հորինված պատմություններով և ԱԲ գործիքներով
Ֆեյսբուքյան գրառումները հայերեն են, իսկ կայքում հրապարակված հոդվածը՝ ռուսերեն, ինչը ենթադրաբար արվում է նաև ռուսախոս լսարանին թիրախավորելու համար:Նոյեմբերի 28-ին arm.arminfonews[.]ru կայքում հրապարակված՝ «Սուրենյանը նոր հայտարարություն է արել. օդը Երևանում ծանրանում է, իսկ եղանակը պատրաստվում է կտրուկ փոփոխությունների» վերնագրով հոդվածում Սուրենյանին վերագրվում են դրամատիկ հայտարարություններ: Իբրև նա հայտարարել է, որ իրավիճակը անկայուն է, և վատթարացումը կարող է տեղի ունենալ ավելի արագ, քան մենք կհասցնենք հարմարվել, Երևանի վրա ձևավորվում է «ստագնացիոն օդային զանգված» և այլն։

Խուճապ տարածող գրառումների իրական նպատակը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կայքում և Գագիկ Սուրենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նման հայտարարություններ չկան: Կենտրոնը պարբերաբար հրապարակում է եղանակի կանխատեսումներ և օդի որակի տվյալներ, սակայն դրանցում չկան հոդվածում նկարագրված «ծանր օդի» կամ «100 տարին մեկ» փոփոխությունների մասին նշումներ:
Առհասարակ, եղանակի և շրջակա միջավայրի վերաբերյալ կանխատեսումները մեծ հետաքրքրություն ունեն հանրության շրջանում: Իսկ Գագիկ Սուրենյանը սունկ կայքերի թոփ «հերոսներից» է:
Ավելի վաղ #CivilNetCheck-ի հետ զրույցում Սուրենյանը ցավով նշել էր, որ շատերը հավատում են նման լուրերին․ հետևորդները պարբերաբար ուղարկում են հղումներ և խնդրում մեկնաբանել դրանք: Թեև այս երևույթը Սուրենյանին նույնպես անհանգստացնում է, սակայն, ինչպես նա ընդգծել էր, պայքարի գործիքները սահմանափակ են, քանի որ նման էջերի թիվը հարյուրավոր է:
«Ես բազմիցս իմ ֆեյսբուքյան էջով ազգաբնակչությանը տեղեկացրել եմ, որ բազմաթիվ նման էջերի միջոցով իմ անունից, իմ նկարով տարածվում է կեղծ ինֆորմացիա։ Եվ կոչ եմ անում, որպեսզի եղանակի մասին ինֆորմացիան ճշտեն շրջակա միջավայրի նախարարության, Հայհիդրոմետ կենտրոնի և իմ պաշտոնական էջերից»,- ընդգծել էր նա:
Երբ եղանակը դառնում է սենսացիա. Գագիկ Սուրենյանը՝ կեղծ լուրերի թիրախում
Կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը կայքերի այցելությունների թիվը մեծացնելն է՝ գովազդից եկամուտ ստանալու նպատակով, իսկ տելեգրամյան ալիքների դեպքում՝ հետևորդների թիվը բարձրացնելը: Այս նպատակին հասնելու համար հաճախ օգտագործվում են հայտնի անձանց անունները, վախեցնող տեքստեր և շտապ գործողության կոչեր:
Անի Գրիգորյան
CivilNetCheck











