Գլխավոր Լրահոս

Վնասաբեր հղումներ և կեղծ էջեր․ խաբեություն «Երևան Սիթի»-ի ու «Սաս»-ի անվան տակ

Վնասաբեր հղումներ և կեղծ էջեր․ խաբեություն «Երևան Սիթի»-ի ու «Սաս»-ի անվան տակ

Սոցցանցերում դարձյալ տարածվում են գրառումներ «Երևան Սիթի» և «Սաս» սուպերմարկետների անունից՝ «պարզ գործողությունների դիմաց» խոստանալով խոշոր նվերներ և մրցանակներ։

«Դեռ ոչ ոք չի գտել լուսանկարում նշված համարը։ Այսօր մենք նոր Isuzu MU-X 4x4 ենք նվիրում ճիշտ պատասխանը գտնողին»,- նշված է «Սաս» սուպերմարկետների ցանցի անունից տարածված գրառման մեջ։ 

«Երևան Սիթի»-ի անունից տարածվող գրառումներից մեկում էլ իբր 50,000 դրամ և iPhone 17 Pro Max են նվիրում։ Այս դեպքում ևս ընդամենը պետք է նկարում ճիշտ թիվը գուշակել։

Իրականում սրանք խաբեություններ են, որոնց միջոցով զեղծարարները փորձում են կորզել օգտատերերի անձնական և բանկային տվյալները կամ վնասաբեր ծրագրեր տարածել։ 

Էկրանապատկերը՝ «Երևան Սիթի»-ի և  «Սաս»-ի անունից  տարածված կեղծ գրառումները

Միանման անվանումներով էջեր՝ միայն խաղարկությունների մասին գրառումներով

«Երևան Սիթի»-ի անունից «նվերների և մրցանակների» մասին գրառումները տարածվում են նորաստեղծ ֆեյսբուքյան էջերով, որոնց անունները տարբերվում են ընդամենը մի քանի նիշով։  «yerevan City.» անվանումով էջը ստեղծվել է 2025-ի նոյեմբերի 13-ին, «.ۦYerevan City Supermarketsۦ»-ը հոկտեմբերի 5-ին, դեռևս հետևորդներ չունեցող նույնանուն մյուս երրորդ էջն էլ այսօր՝ դեկտեմբերի 1-ին է ստեղծվել։ 

Էկրանապատկերը՝ «Երևան Սիթի»-ի անունից կեղծ գրառումներ տարածող ֆեյսբուքյան էջերից

Այս ֆեյսբուքյան էջերը ողողված են բացառապես խաղարկությունների և մրցանակների վերաբերյալ հրապարակումներով։

«Սաս» սուպերմարկետների ցանցի անունից գրառումներ տարածող «SAS Supermarket.ۦ» էջի միակ ակտիվությունը ևս խաղարկությունների և մրցանակների վերաբերյալ գրառումներն են։ Իսկ ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2025-ի նոյեմբերի 13-ին։

Վտանգավոր հղումներ «մրցանակի» անվան տակ

Գրառումը մեկնաբանելուց հետո թե՛ «Երևան Սիթի»-ի, թե՛ «Սաս» սուպերմարկետների անունից հրապարակումներ տարածող կեղծ էջերը պահանջում են տարածել (share) այդ գրառումը տարբեր ֆեյսբուքյան խմբերում՝ այսպիսով բարձրացնելով դրա դիտելիությունն ու ավելի շատ օգտատերերի թիրախավորելով։

Էկրանապատկերը՝ «Երևան Սիթի» և «Սասի» անունից կեղծ գրառումներ տարածող ֆեյսբուքյան էջերի հետ նամակագրությունից

Այնուհետև ուղարկում են սուպերմարկետների իրական կայքերին նմանակող կեղծ կայքի հղում։  Օրինակ՝ «yerevan City.» անունով էջը, գրառումը ֆեյսբուքում տարածելու վերաբերյալ նամակից հետո, ուղարկել էր mnhgdfcbvghdhfghhhhng.blogspot[.]com դոմեյնային անվանումով կայքի հղումը։

Այս կայքը ստեղծվել է blogger.com հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս անվճար կայքեր ստեղծել։ Այստեղ օգտատերերից պահանջվում էր գրանցվել՝ իբր «մրցանակը» ստանալու նպատակով։ «Գրանցվել» կոճակը սեղմելուց հետո օգտատերը վերահասցեագրվում էր մեկ այլ կայք՝ d.kissenchachen[.]top, որը պահանջում էր ֆայլեր ներբեռնել։

Էկրանապատկերը՝ mnhgdfcbvghdhfghhhhng.blogspot[.]com և d.kissenchachen[.]top կայքերից

Այն, սակայն, վիրուսային ծրագրեր պարունակող կայք է և ֆայլերը ներբեռնելու հետևանքով օգտատերերը կարող են վնասել համակարգիչը կամ ներբեռնել տեղեկություններ գողացող ծրագրեր (infostealer):

Որտեղի՞ց տեղեկանալ սուպերմարկետների իրական խաղարկությունների մասին

«Երևան Սիթի»-ի պաշտոնական կայքը yerevan-city.am-ն է, իսկ պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝  Yerevan City Supermarkets-ը։ Սոցցանցերում ընկերության անունից պարբերաբար տարածվում են կեղծ խաղարկությունների ու նվերների վերաբերյալ գրառումներ, որոնք «Երևան Սիթի»-ն մշտապես հերքում է՝ հորդորելով ցանկացած խաղարկության կամ գործող ակցիայի մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից։

«Սաս» սուպերմարկետների ցանցի պաշտոնական կայքը sas.am-ն է, ֆեյսբուքյան էջը՝ Sas Supermarkets-ը։ «Սաս»-ը նույնպես բազմիցս զգուշացրել է, որ սոցցանցերում տարածվող բազմաթիվ խաղարկություններ և նվերներ կապ չունեն ընկերության հետ և կեղծ են։

Այսպիսով, «Սաս» և «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից տարածվող գրառումները՝ նվերների և մրցանակների վերաբերյալ, կեղծ են։ Դրանց իրական նպատակը վնասաբեր հղումների միջոցով օգտատիրոջ տվյալներին հասանելիություն ստանալն է կամ վարակել նրանց համակարգիչները։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում