Բելգիական ոստիկանությունը ձերբակալել է ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրի հետ կապված հնարավոր խարդախության քննության շրջանակում, գրում են L’Echo և Le Soir թերթերը։
Մոգերինին 2014-2019-ին եղել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ՝ ղեկավարելով ԵՄ դիվանագիտական թևը։ Նա 2020-ի սեպտեմբերից ի վեր Եվրոպայի քոլեջի՝ ԵՄ ֆինանսավորում ստացող հեղինակավոր համալսարանի ռեկտորն է։
Հրապարակումների համաձայն՝ ձերբակալվածների թվում է նաև Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն, որը ներկայումս ղեկավարում է Եվրահանձնաժողովի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով գլխավոր տնօրինությունը։ Երրորդ ձերբակալվածը Եվրոպայի քոլեջի մենեջեր է։
Եվրոպական դատախազությունը (EPPO) հայտնում է, որ քննությունը վերաբերում է ԵՄ դիվանագետների համար նախատեսված իննամսյա ուսումնական ծրագրի իրականացման մրցույթի հնարավոր խախտումներին։ Քննվում է, արդյոք Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը գաղտնի տվյալներ է փոխանցել Եվրոպայի քոլեջին մրցույթում հաղթելու համար։
Ձերբակալությունները հնարավոր են դարձել՝ պաշտոնյաների անձեռնմխելիությունը վերացնելուց հետո։
Civilnet











