Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է թեմի առաջնորդի գործողությունները։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նոյեմբերի 28-ին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։
Ըստ հայտարարության՝ խորհուրդը թեմակալ առաջնորդի քայլերի մասին նախապես տեղեկացված չի եղել, և այն չի բխել միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։
«Այս կապակցությամբ հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակետն ու մեկնաբանությունները։ Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել և դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները»,- նշված է հայտարարությունում ։
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։
«Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։ Հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախցիների հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծու ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները»,- ասել էր Վրթանես եպիսկոպոսը։
Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Նրանց թվում էր Արցախի թեմի առաջնորդը։ Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։
Civilnet











