Ինձ համար խիստ ցանկալի է, որ քիչ մարդիկ կալանավորվեն: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ես խնդիր եմ համարում, որ շատ է կիրառվում խափանման միջոց կալանքը»,- ասաց նախարարը:
Արդարադատության նախարարը չի կարծում, որ դատավորները քաղաքական նպատակներով են կալանքի որոշումներ կայացնում:
«Եթե պարզվի, որ որևէ դատավոր քաղաքական նպատակներով է իր գործառույթներն իրականացնում, վստահեցնում եմ՝ անհետևանք չի մնա»,-նշեց Գալյանը:
Արդարադատության նախարարի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է քրեական օրենսգրքի որոշակի հոդվածների հատկանիշներ, այլ փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ, կամ ուզում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն քաղբանտարկյալ է»,- ասաց նախարարը:
***
Ընդդիմությունը քաղբանտարկյալ է համարում գործարար Սամվել Կարապետյանին, որին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և փողերի լվացման համար: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, որին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանությունը զավթելու փորձի հոդվածներով, Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, որին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչերի հատկանիշներով։
Այս անունների կողքին ընդդիմությունը տասնյակ անուններ է նշում։
Ընդդիմությունը և անկախ դիտորդները նշում են, որ դատարանները դարձել են քաղաքական գործիքներ՝ ընդդիմադիրներին լռեցնելու և հնարավոր քաղաքական մրցակիցներին ճանապարհից հեռացնելու համար։
Civilnet











