ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում դեմոկրատ սենատորները $500-ը գերազանցող յուրաքանչյուր հեծանիվից $25 հարկ գանձելու մասին օրինագիծ են ներկայացրել: Հարկատեսակն առաջիկա տասը տարում նահանգային բյուջե $1 մլն-ի մուտքեր կապահովի:
Հեծանիվները հարկելու առաջարկն արվել է տրանսպորտի ոլորտին առնչվող փաթեթի շրջանակում, որը ենթադրում է նաև բենզինի ակցիզային դրույքաչափի բարձրացում։ Ներկայում Վաշինգտոնը ԱՄՆ-ի նահանգների շրջանում տասներորդն է՝ ըստ այս դրույքաչափի մեծության։
Նախատեսվում է նաև ավտոմեքենաների պետհամարանիշների համար մեքենայի գնի 0,7%-ի չափով պետտուրքի սահմանում։ Նահանգային իշխանություններն ակնկալում են նոր հարկատեսակների սահմանման և հների դրույքաչափերի բարձրացման միջոցով տասը տարում $10 մլրդ ներգրավել։
Հունվարին ԱՄՆ-ի Իլինոյիս նահանգի Ներկայացուցիչների պալատը առաջարկել էր հարկել սպորտային կոշիկները։ Ձեռք բերված յուրաքանչյուր զույգի դիմաց պետք է գանձվեր 25 ցենտ հարկ։ Միջոցները նախատեսվում էր ուղղել երիտասարդության մասնագիտական որակավորման բարձրացմանը։

Civilnet










