Գլխավոր Լրահոս

ԱԲ նախարարի «կաշառքի գործը» հումոր է․ հայկական լրատվամիջոցները երգիծանքը իրական են համարել

ԱԲ նախարարի «կաշառքի գործը» հումոր է․ հայկական լրատվամիջոցները երգիծանքը իրական են համարել

Հայկական լրատվամիջոցներում դեկտեմբերի 5-ից տարածվում է տեղեկություն, թե Ալբանիայի պետական կառավարման թվայնացման շրջանակում ստեղծված և արհեստական բանականության հիմքով գործող «Դիելլա» անունով նախարարը կասկածվում է կաշառք ստանալու մեջ և ձերբակալվել է։

«Դիելլան ձերբակալվել է մայրուղու շինարարության մրցույթի օպտիմալացման համար 14 բիթքոյն կաշառք ստանալու կասկածանքով»,- գրել է tert.am-ը՝ հղում անելով խորվաթական newsbar.hr կայքին։ 

Լուրը տարածել են նաև araratnews.am, news.am, tert.am, oragir.live և այլ լրատվամիջոցներ։

Մինչդեռ այս տեղեկությունը կեղծ է. newsbar.hr-ը կայքն ընդամենը հումորային պատմություն է հրապարակել։

Ի՞նչ լուրեր է տարածում սկզբնաղբյուր կայքը

Դիելլա անունով ԱԲ-ին Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ներկայացրել է 2025-ին։ Դիելլան, որը ալբաներենից թարգմանաբար նշանակում է արև, աշխարհի առաջին վիրտուալ նախարարն է։ Ներկայացման ժամանակ նշվել էր, որ ԱԲ նախարարը որոշումներ է կայացնելու պետական գնումների վերաբերյալ, ինչն ապահովելու է գործընթացների ավելի մեծ թափանցիկություն և նպաստելու է կոռուպցիայի դեմ պայքարին։

newsbar.hr-ը սատիրիկ կայքը հենց այդ նպատակն է ծաղրել՝ գրելով, թե կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված ԱԲ նախարարն ի վերջո ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով։ 

Խորվաթական կայքի սատիրիկ պատմության մեջ նշվում է, որ նախարարի «փաստաբանը» ևս ալգորիթմ է՝ Chat GTP-40՝ քրեական իրավունքի ուղղվածությամբ մասնագիտացված մոդուլ։ Իսկ կրիպտոարժույթով ստացված միջոցները Դիելլան նախատեսել էր օգտագործել սեփական ծրագրերի արդիականացման համար։

#CivilNetCheck-ի հետ զրույցում newsbar.hr-ից հայտնում են, որ երբևէ չեն մտածել, թե որևէ մեկը կարող է այդ զվարճալի պատմությունը իրական համարել։

Էկրանապատկերը՝ newsbar.hr-ի հետ նամակագրությունից

newsbar.hr-ը հրապարակում է բացառապես հումորային հոդվածներ։ Վերջերս, օրինակ, կայքը հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, թե Լյուցիֆերը (սատանա) մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խորվաթ երիտասարդների հավակնությունները նվազել են․ եթե նախկինում նրանք սատանայի հետ «գործարք» էին կնքում փառքի համար, ապա այժմ բնակարանային խնդիրները լուծելու նպատակով։ Մեկ այլ հոդվածում ներկայացվում է, իբր Խորվաթիայում օրինականացվում է բազմակնությունը, որպեսզի երիտասարդները կարողանան մարել իրենց հիպոթեքային վարկերը։

Էկրանապատկերը՝ newsbar.hr կայքից, կայքը թարգմանվել է Գուգլ-թարգմանչի միջոցով (Google translate)

Ալբանական փաստեր ստուգող factoje.al կայքի գործընկերները ևս #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատել են, որ ԱԲ նախարարը չի ձերբակալվել, իսկ լուրի սկզբնաղբյուրը սատիրիկ կայքերն են:

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում