Գլխավոր Լրահոս

«Թրամփի ուղին» շատ բիզնես հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար․ Արմեն Գրիգորյան

«Թրամփի ուղին» շատ բիզնես հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար․ Արմեն Գրիգորյան

«Թրամփի երթուղու» իրականացումը շատ բիզնես հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար․ այս մասին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դեկտեմբերի 6-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ նա ու Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը խոսել են Վաշինգտոնյան համաձայնագրի ու տարածաշրջանային կապուղիների բացման մասին։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայ հասարակությունը վճռականորեն աջակցում է խաղաղության գործընթացին։ Նա շեշտեց, որ Թրամփի երթուղու իրականացումը շատ բիզնես հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար՝ շատ ապրանքների և ծառայությունների երթևեկություն, որոնք անցնում են տարածաշրջանով, կգան և կանցնեն Հայաստանի միջով։

«‎Հայաստանը հայտարարեց նույն պատրաստակամությունը, որ կարող ենք տրամադրել մեր տարածքը ապրանքների փոխադրման համար Հայաստանի միջով դեպի Ադրբեջան։ ․․․Վերջին երեք-չորս տարիներին մենք կրկնապատկել ենք մեր շահույթը մեկ շնչի հաշվով Հայաստանում։ Համոզված ենք, որ եթե տարածաշրջանը բացվի, ավելի շատ հնարավորություններ կլինեն»,- ասել է Գրիգորյանը։

Հաջիևի խոսքով՝ հիմնական պայմանավորվածություններից մեկը կապված է տրանսպորտի և կապի հետ։ Նա հավելեց, որ մի ոլորտ, որ այժմ դիտարկում են, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան։

Խոսելով Վաշինգտոնյան համաձայնագրի մասին՝ Հաջիևը կրկին օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

«Ադրբեջանում մենք դիտարկում ենք «Զանգեզուրի միջանցքը»։ Գիտեմ, որ հայ գործընկերները տարբեր տերմինաբանություններ են օգտագործում։ Հուսով եմ՝ միայն տերմինաբանությունը կլինի մեր խնդիրը։ Մենք աշխատում ենք այդ կապի նախագծի վրա, որը ոչ միայն կկապի Հայաստանն ու Ադրբեջանը, այլև ավելի լայն նախագիծ կլինի՝ փոխելով Եվրասիական մայրցամաքի ամբողջ լանդշաֆտը»,- ասել է Հաջիևը։

Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հիքմեթը ճիշտ է նկատել՝ «միջանցք» տերմինը Հայաստանի համար ընդունելի չէ, որովհետև Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների առաջնորդները ստորագրել են մի փաստաթուղթ, որտեղ ճանապարհի ապաշրջափակումը կոչվում է «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (The Trump Route for International Peace and Prosperity-TRIPP), և Հայաստանը հավատարիմ է այս տերմինին։

***

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի կետերից մեկը նախատեսում է «Թրամփի ուղու» գործարկումը՝ տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակելու նպատակով։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը TRIPP-ի փոխարեն: Պաշտոնական Երևանն այս ձևակերպումն ընկալում է որպես տարածքային նկրտում Հայաստանի սուվերենության նկատմամբ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» տերմին չկա ո՛չ վաշինգտոնյան, ո՛չ այլ բանակցություններում:

Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Նոյեմբերի 6-ին և 8-ին Ռուսաստանից և Ղազախստանից երկաթգծով Հայաստան է ներմուծվել ընդհանուր 2000 տոննա ցորեն՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում