Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է․ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 6-ին քաղաքացիների մոտ 50 հոգանոց խմբի հետ Տավուշի մարզի Կիրանց բնակավայր այցի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա այցի նպատակն է ցույց տալ Հայաստանի անվտանգության ապահովման այն կոնցեպտը, որով առաջնորդվում է Հայաստանի Կառավարությունը: Նա ընդգծել է, որ երկրի անվտանգությունը միայն բանակի շնորհիվ հնարավոր չէ ապահովել, անվտանգության ապահովման գործիքները պետք է լինեն բազմազան, և Կիրանցի պատն անվտանգության այդ գործիքներից մեկն է:
«Սա անվտանգության ապահովման մի լրացուցիչ կոնցեպտ է և խաղաղության օրակարգի մեր պատկերացումը»,- ասել է Փաշինյանն ու հավելել, որ չնայած կանխատեսումներին, որ Կիրանցը դատարկվելու է, ներկայումս 16 միլիոնի ծրագրով 54 նոր տուն է կառուցվում: Մինչև սահմանազատումը գյուղը 90 տնտեսություն է ունեցել:
«Այս հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը, ի սկզբանե ծառայությունը սկսել են, հետո մի իքս պահից եղել է պայմանավորվածություն, նախ սահմանազատումից հետո դուրս են եկել խրամատներից, այսինքն իրար համար տեսանելի են, երկրորդ փուլով հանել են սաղավարտները և զրահաբաճկոնները, երրորդ փուլով պայմանավորվել են, որ ավտոմատների վրա պահունակներ պետք է չդրվեն»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի «ինքներս մեզ, մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչենք, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ»։
***
2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում): Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն ստորագրեցին:
Սհմանազատումից հետո Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը: Նիկոլ Փաշինյանը սահմանազատումից հետո պարբերաբար այցելում է Կիրանց՝ ցույց տալու, որ Կիրանցում «անվտանգ է»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները պարբերաբար հանդիպումներ են ունենում, որոնցում քննարկում են սահմանազատման հետ կապված հետագա աշխատանքները։
Civilnet











