Դեկտեմբերի 6-ին Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու դռները ուժային կառույցի ներկայացուցիչները փակել են, կնքել, որ դեկտեմբերի 7-ի առավոտյան եկեղեցին հանձնվի արտագնա պատարագ մատուցողներին։ Այս մասին news.am-ի հրապարակած տեսանյութում ասաց Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանան։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին կայցելի Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի ու կմասնակցի պատարագի։
«Այս դեպքում սա ուրիշ իրադրություն է, սա նման չէ այն սովորական իրադրության, որ մենք ունենում ենք սովորական այն դեպքերում, երբ որ երկրի ղեկավար է գալիս»,- ասում է Տեր Հուսիկը։
Քահանայի խոսքով՝ պարզ չէ, թե ով է այսօր պատարագը մատուցելու․ «այսինքն փաստացի որևէ հոգևորական ներսում չի մնալու»։
Իրավապահները արդեն բացել են եկեղեցին, քիչ անց կմեկնարկի պատարագը։
Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանն ամեն կիրակի այցելում է որևէ եկեղեցի ու մասնակցում պատարագի։ Այն պատարագներին, որին մասնակցում է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չեն հնչեցնում։ Դեկտեմբերի 4-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ ինքը գնում է այն պատարագներին, որտեղ Կաթողիկոսի անունը չի հնչում։ Նա հավելել էր, որ իրենց այս խնդրանքը հոգևորականներին հասնում է տարբեր ուղիներով, այդ թվում՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կամ ծանոթների միջոցով։
Դեկտեմբերի 6-ին Շիրակի թեմը հայտարարություն է տարածել՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ կիրակի Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի այցելելու մտադրության հետ։
Այս պահին Շիրակի թեմի քահանաները՝ Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցում են։
Civilnet











