Դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցում են նաև Փաշինյանին հանդիպած 8 եպիսկոպոսներից երեքը․ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։
Դեկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցում է պատարագի։
Փաշինյանը Յոթ Վերքում է, իսկ Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում։ Պատարագները ընթանում են զուգահեռ։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են մատուցել Փաշինյանի մասնակցությամբ պատարագը՝ մերժելով զեղչել վեհափառի անունը:
Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանն ամեն կիրակի այցելում է որևէ եկեղեցի ու մասնակցում պատարագի։ Այն պատարագներին, որին մասնակցում է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չեն հնչեցնում։ Դեկտեմբերի 4-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ ինքը գնում է այն պատարագներին, որտեղ Կաթողիկոսի անունը չի հնչում։ Նա հավելել էր, որ իրենց այս խնդրանքը հոգևորականներին հասնում է տարբեր ուղիներով, այդ թվում՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կամ ծանոթների միջոցով։
Civilnet











