Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք պատարագը, դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ՝ վարչապետը ինչ կարծիք ունի։ Այս մասին Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե «իշխանությունը չի կարողացել իր սցենարով պատարագ մատուցել և ստիպված է եղել ուրիշ թեմից հոգևորական բերել»։
«Այսօր խնդիրը կայանում է նրանում, որ Կտրիճ Ներսիսյանը չի հասկանում, որ էս իր վարքով արդեն Հայ առաքելական եկեղեցուն և պետությանը մեծ մեծ վնաս է հասցնում, և փորձում է պայքարել անխուսափելի բանի դեմ»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով հարցին, թե Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հավատարմության խոստում տվե՞լ է իշխող թիմին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մեզ որևիցե մեկը ոչ երդում տվել է, ոչ էլ մենք դրա ցանկությունն ունենք»։
Դեկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցեց պատարագի։
Փաշինյանը Յոթ Վերքում էր, իսկ Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում։ Պատարագները ընթացան զուգահեռ։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել էին մատուցել Փաշինյանի մասնակցությամբ պատարագը՝ մերժելով զեղչել վեհափառի անունը:
Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանն ամեն կիրակի այցելում է որևէ եկեղեցի ու մասնակցում պատարագի։ Այն պատարագներին, որին մասնակցում է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չեն հնչեցնում։ Դեկտեմբերի 4-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ ինքը գնում է այն պատարագներին, որտեղ Կաթողիկոսի անունը չի հնչում։ Նա հավելել էր, որ իրենց այս խնդրանքը հոգևորականներին հասնում է տարբեր ուղիներով, այդ թվում՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կամ ծանոթների միջոցով։
Civilnet











