Գլխավոր Լրահոս

Կեղծ խաղարկություններ «Երևան Սիթիի» անունից՝ Toyota Hilux-ից մինչև Samsung Galaxy

Կեղծ խաղարկություններ «Երևան Սիթիի» անունից՝ Toyota Hilux-ից մինչև Samsung Galaxy

Սոցցանցերում կրկին ակտիվորեն տարածվում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից կեղծ գրառումներ՝ տարբեր խաղարկությունների և նվերների վերաբերյալ։ Վերջին շաբաթներին ստեղծված երեք տարբեր էջեր հրապարակել են գրառումներ՝ Toyota Hilux ավտոմեքենա, Samsung Galaxy հեռախոսներ և Սուրբ Ծնունդի նվեր-տոպրակներ խաղարկելու մասին։ Գրառումներն արդեն հավաքել են հազարավոր մեկնաբանություններ և տարածումներ։

Մինչդեռ այս գրառումներից ոչ մեկը կապ չունի «Երևան Սիթիի» հետ։ Հայտնի ընկերության անունն օգտագործվում է վստահություն ներշնչելու և օգտատերերին խաբելու նպատակով։

Սուրբ Ծնունդի նվեր-տոպրակներ և կանխիկ գումար

𝙮𝙚𝙧𝙚𝙫𝙖𝙣 𝘾𝙞'𝙩𝙮․ ֆեյսբուքյան էջն դեկտեմբերի 8-ին հրապարակել է գրառում Սուրբ Ծնունդի նվերների վերաբերյալ։

«Բարև բոլորին։ Մոտալուտ Սուրբ Ծնունդը նշելու համար մենք որոշել ենք ուրախություն պարգևել բոլորին և անվճար նվիրելու ենք 550 նվեր-տոպրակ, կանխիկ, բջջային հեռախոսներ և գնումների վաուչերներ։ Դա հեշտ է. մեր էջում մեկնաբանություն թողնող յուրաքանչյուր ոք պարզապես պետք է մուտքագրի @ և սեղմի «landmark» կոճակը։ Եթե ձեր մեկնաբանությունը կապույտ դառնա, ապա դուք մասնակցել եք մրցույթին։ Հաղթողը կընտրվի պատահականորեն 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին»,- նշված է գրառման մեջ։

Գրառումն արդեն հավաքել է 702 մեկնաբանություն և 196 տարածում։ Ուշագրավ է, որ էջը ստեղծվել է դեկտեմբերի 8-ին՝ նույն օրը, երբ հրապարակվել է գրառումը։

Toyota Hilux-ի «խաղարկություն» նոր խանութի բացման առիթով

Մեկ այլ՝ 𝗬𝗲𝗿𝗲𝘃𝗮𝗻 𝗖𝗶𝘁𝘆 𝗦𝘂𝗽𝗲𝗿𝗺𝗮𝗿𝗸𝗲𝘁𝘀․ ֆեյսբուքյան էջը դեկտեմբերի 6-ին հրապարակել է գրառում նոր խանութի բացման և Toyota Hilux ավտոմեքենա նվիրելու վերաբերյալ։

«Մեր նոր խանութի բացումը նշելու համար մենք նվիրում ենք այս հիանալի Toyota Hilux-ներից մեկը։ Պարզապես մուտքագրեք @ և սեղմեք «գունանշել»։ Եթե այն կապույտ դառնա, ապա դուք ընտրվել եք։ Հաղթողը կընտրվի 2025 թվականի դեկտեմբերի 10-ին։ Հաջողություն»,- նշված է գրառման մեջ։

Գրառումը մի քանի օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 286 տարածում և 1,100 մեկնաբանություն, սակայն էջը ստեղծվել է ընդամենը հոկտեմբերի 5-ին և որևէ կապ չունի «Երևան Սիթիի» հետ։

Samsung Galaxy հեռախոսների «խաղարկություն» 400 հաղթողների համար

Երրորդ կեղծ՝ 𝙮𝙚𝙧𝙚𝙫𝙖𝙣 𝘾𝙞𝙩𝙮․' էջը, նոյեմբերի 30-ին հրապարակել է գրառում՝ Samsung Galaxy հեռախոսների խաղարկության վերաբերյալ։

«Ընտրեք ընտրված փաթեթից 1-ից 15 համար, և ներսում ձեզ սպասում է 9 անակնկալ։ 400 հաջողակ հաղթողներ կշահեն Samsung Galaxy-ի նորագույն հեռախոսը»,- նշված է գրառման մեջ։

Այս գրառումը հավաքել է 823 տարածում և 1,400 մեկնաբանություն։ Էջը ստեղծվել է հոկտեմբերի 20-ին, և դրա միակ ակտիվությունը խաղարկության վերաբերյալ գրառումն է։

Խարդախության միջազգային սխեմա՝ հարմարեցված Հայաստանի կոնտեքստին

Ուշագրավ է, որ գրառումներից որոշներում օգտագործվում է @pengikut բառը, որն ինդոնեզերեն է և համարժեք է «@everyone» նշմանը։ Այն օգտագործվում է բոլոր հետևորդներին գրառման մասին ծանուցելու համար։

Էկրանապատկերը՝ կեղծ ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերը՝ կեղծ ֆեյսբուքյան էջից

Այս խարդախությունների հիմնական նպատակն օգտատերերի անձնական և բանկային տվյալների կորզումն է։ Գրառումները նախագծված են այնպես, որ արագ տարածվեն՝ օգտատերերից պահանջելով մեկնաբանություններ և գունանշումներ թողնել։

Երբ օգտատերը հետևում է հրահանգներին, սովորաբար կայքի հղում է ուղարկվում կամ պահանջվում է գրանցվել «նվերը ստանալու համար»։ Այս հղումները կարող են պարունակել վիրուսային ծրագրեր կամ ֆիշինգային կայքեր, որոնք նպատակ ունեն կորզել բանկային քարտերի տվյալներ, գողանալ անձնական տվյալներ, տարածել վնասաբեր ծրագրեր օգտատերերի համակարգիչներում։ 

Ինչպես չխաբվել

«Երևան Սիթիի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է, պաշտոնական կայքը՝ yerevan-city.am-ը։

Ընկերությունը բազմիցս զգուշացրել է օգտատերերին՝ խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից և կայքից։

#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է սուպերմարկետների ցանցի անունից տարածվող կեղծ խաղարկություններին։ Նախորդ ամիսներին նույնպես բազմաթիվ կեղծ էջեր են տարածել կեղխ գրառումներ՝ մեքենաների, կենցաղային տեխնիկայի և խոշոր դրամական մրցանակների «խաղարկությունների» վերաբերյալ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում