Microsoft-ը $17,5 մլրդ է ներդնում Հնդկաստանում

Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան հայտարարել է, որ իր ղեկավարած ընկերությունը պատրաստվում է Հնդկաստանում 17,5 մլրդ դոլար ներդնել արհեստական բանականության հնարավորությունների զարգացման համար։ Այս մասին նա ասել է չորեքշաբթի Հնդկաստանի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը։
«Երկրի հավակնություններին աջակցելու համար Microsoft-ը 17,5 մլրդ դոլար է հատկացնում՝ մեր ամենամեծ ներդրումը Ասիայում։ Այն կօգնի ստեղծել ենթակառուցվածքներ, հմտություններ և ինքնիշխան կարողություններ, որոնք անհրաժեշտ են Հնդկաստանի "AI 1st Future"արհեստական բանականության ծրագրում»,- ասել է նա։
«Երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, աշխարհը լավատեսորեն է տրամադրված Հնդկաստանի նկատմամբ»,- ասել է Մոդին։
«Շատ արդյունավետ քննարկում ունեցա Սաթյա Նադելլայի հետ։ Ուրախ եմ տեսնել, որ Հնդկաստանը այն վայրն է, որտեղ Microsoft-ը կկատարի իր ամենամեծ ներդրումը Ասիայում։ Հնդկաստանի երիտասարդությունը կօգտագործի այս հնարավորությունը ստեղծելու նորարարություններ և օգտագործելու արհեստական բանականության ուժը՝ մոլորակն ավելի լավը դարձնելու համար»։
Երկու ղեկավարների հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրությունում Microsoft-ը նշել է, որ Հնդկաստանում ներդրվող 17,5 միլիարդ դոլարը հաջորդում է ավելի վաղ կատարված 3 մլրդ դոլարի ներդրմանը՝ ուղղված Բանգալուրուում ամպային և արհեստական բանականության ենթակառուցվածքների ստեղծմանը հաջորդ երկու տարիների ընթացքում, որը ներառում է որակավորման բարձրացում և նոր տվյալների կենտրոններ։ Այս ներդրումներով ընկերությունը «Հնդկաստանում ամենամեծ գերմասշտաբային ներկայությունը» կունենա։
«Հնդկաստանը գտնվում է իր արհեստական բանականության ճանապարհորդության վճռորոշ պահին… որը սահմանվում է մասշտաբային ազդեցությամբ՝ հանուն վճռական առաջնորդության։ Քանի որ տեխնոլոգիան դառնում է ներառական աճի և տնտեսական վերափոխման շարժիչ, Հնդկաստանը դառնում է արհեստական բանականության առանցքային երկիր։ Այս ֆոնին… այսօր մենք հայտարարում ենք Ասիայում մեր ամենամեծ ներդրման մասին՝ 17,5 մլրդ դոլար չորս տարվա ընթացքում…»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Հոկտեմբերին Google-ի ղեկավար Սունդար Պիչային ասել էր, որ խոսել է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և ներկայացրել ամերիկյան տեխնոլոգիական հսկայի ծրագրերը Անդհրա Պրադեշի Վիսախապատնամում իր արհեստական բանականության կենտրոնի համար, որը ամերիկյան ընկերության ամենամեծ ներդրումն է երկրում։
Google-ը համագործակցել է Adani Group-ի հետ՝ Վիսախապատնամում տվյալների կենտրոնի և արհեստական բանականության բազայի ստեղծման համար, որը ԱՄՆ-ից դուրս իր ամենամեծ կենտրոնն է, և հայտարարել է, որ նախատեսում է ներդնել 15 մլրդ դոլար հաջորդ հինգ տարիների ընթացքում։
Amazon-ը ևս միլիարդավոր դոլարներ է ներդրել Հնդկաստանում տվյալների կենտրոններ կառուցելու համար։ Մոդին հոկտեմբերին հանդիպել էր չիպեր արտադրող Qualcomm-ի գործադիր տնօրեն Կրիստիանո Ռ. Ամոնի հետ՝ քննարկելու Հնդկաստանի առաջընթացը արհեստական բանականության, նորարարության և հմտությունների զարգացման ոլորտում։
Անցյալ ամիս Դելիում կայացած համաժողովում Նարենդրա Մոդին ընդգծել էր Հնդկաստանի դերը արհեստական բանականության և դրա գործունեության գլոբալ շրջանակի ձևավորման գործում։ Նա նշել էր «էթիկական և մարդակենտրոն արհեստական բանականության» մասին և ասել, որ իր կառավարությունն արդեն աշխատում է այս թեմայի վերաբերյալ քաղաքականության վրա։
Թեմա
Civilnet










