Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից ստորագրվել է 2026–2030 թվականների Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Հայաստան-ՄԱԿ համագործակցության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է փաստաթղթի հաստատումը և դրա շրջանակներում հետագա համատեղ ծրագրերի իրականացումը:
«Մեր համագործակցության նոր շրջանակը լիովին համահունչ է Կառավարության գերակայություններին և հնարավորություն է տալիս համատեղել զարգացման քաղաքականությունը Հայաստանի խաղաղության օրակարգի հետ։ Սա մեզ թույլ է տալիս ունենալ միասնական, համակարգված և ապագային միտված ծրագրային համագործակցություն»,- նշել է փոխվարչապետը:
«Ստորագրում ենք այս Համագործակցության շրջանակը Հայաստանի զարգացման համար կարևոր փուլում։ Այսօր կայացվող որոշումները ձևավորելու են երկրի զարգացման ուղին առաջիկա տասնամյակների համար։ Մեր ընդհանուր նպատակն է ծառայել Հայաստանի ժողովրդին՝ հատկապես նրանց, ովքեր առավել խոցելի են։ 2026 թվականը լինելու է մարդակենտրոն տարի, որը կնշանավորվի այնպիսի զարգացումներով, որոնք կարևորում են վստահությունը, ներառականությունը և սոցիալական համախմբվածությունը»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:
Civilnet











