Թուրքիայում ավիավթարի հետևանքով զոհվել է Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

Երեքշաբթի երեկոյան Թուրքիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է Լիբիայի Ազգային միասնության կառավարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Ալի Ահմեդ Ալ-Հադդադը։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան՝ նշելով, որ սա ծանր կորուստ է երկրի և զինվորականության համար։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի հաղորդմամբ՝ Falcon 50 տեսակի բիզնես-ջեթը (բորտային համարը՝ 9H-DFJ) Անկարայի օդանավակայանից դեպի Տրիպոլի է ուղևորվել ժամը 20:10-ին: Թռիչքից որոշ ժամանակ անց՝ 20:52-ին, օդանավի հետ կապը կորել է։ Մինչ անհետանալն անձնակազմը Հայմանա շրջանում արտակարգ վայրէջք կատարելու հարցում է ներկայացրել, սակայն կապն այլևս չի հաջողվել վերականգնել։ Օդանավի բեկորները հայտնաբերվել են ժանդարմերիայի կողմից Հայմանա շրջանի Քեսիկկավակ գյուղից երկու կիլոմետր դեպի հարավ։

Ինքնաթիռում գտնվող բոլոր հինգ ուղևորները զոհվել են։ Գլխավոր շտաբի պետի հետ նույն օդանավում են եղել նաև Լիբիայի ցամաքային զորքերի հրամանատարը, ռազմական արտադրության վարչության տնօրենը, գլխավոր շտաբի պետի խորհրդականն ու անձնական լուսանկարիչը։ Պատվիրակությունը Թուրքիայի մայրաքաղաք էր մեկնել պաշտոնական այցով և աղետի պահին վերադառնում էր Լիբիա։
Ինքնաթիռի կործանման հստակ պատճառը դեռևս պարզված չէ։
Թեմա
Civilnet










