Հռոմի Պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատել

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ կոչ է արել ամբողջ աշխարհում պահպանել առնվազն 24-ժամյա հրադադար՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմին։ Anadolu-ի փոխանցմամբ՝ Վատիկան մեկնելիս լրագրողների հետ զրույցում պոնտիֆիկոսը նշել է, որ իրեն խորապես վշտացնում է Ռուսաստանի կողմից Սուրբ Ծննդյան հրադադարից հրաժարվելը։ Նրա խոսքով՝ Փրկչի ծննդյան օրը պետք է դառնա խաղաղության խորհրդանիշ։
«Կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ գոնե մեկ օր խաղաղություն պահպանել Ուկրաինայում և ամբողջ աշխարհում»,– ասել է նա։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին՝ Պապ Լևոն XIV-ը նշել է, որ կապի մեջ է տեղում ծառայող հոգևորականների հետ և հույս հայտնել, որ արդեն ուժի մեջ մտած հրադադարի իրականացումը կշարունակվի՝ չնայած իրավիճակի փխրունությանը։
Պոնտիֆիկոսը ընդգծել է, որ Սուրբ Ծնունդը պետք է հիշեցնի մարդկությանը խաղաղության, համերաշխության և մարդասիրության հիմնարար արժեքների մասին։
Թեմա
Civilnet










