Ազգային ժողովի պատգամավորները տարեվերջին իրենց հասանելիք ամսական աշխատավարձից բացի, ստացել են լրացուցիչ երկու աշխատավարձի չափ գումար, ընդհանուր՝ մոտ 3 մլն դրամ։ Այս մասին բարձրաձայնել են ընդդիմադիր պատգամավորները։ ԱԺ աշխատակազմը, ըստ լուրերի, ևս լրացուցիչ երկու ամսվա աշխատավարձ է ստացել։ Սա բուռն դժգոհություններ ու քննարկումներ է առաջ բերել սոցցանցերում։
Ավելի քան 20 տոկոս աղքատություն ունեցող երկրում հանրային միջոցներից սնվող պետական պաշտոնյայի «լավ ապրելու» ձգտումը պետք է լինի տրամաբանված և չափելի։ Վերջին 4,5 տարվա Ազգային ժողովի գործունեությունը բավարար հի՞մք է արդյոք նման հավելավճարների համար, թե՞ դա պարզապես բյուջեի վատնում է։
Պաշտոնյաները չպետք է վատ ապրեն: Դժվար թե որևէ գիտակից մարդ այս թեզը վիճարկի: Շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ արժանապատիվ վարձատրությունը կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցներից է։ Սակայն սա միայն մեկ բաղադրիչ է։ Որպեսզի համակարգն աշխատի, դրան զուգահեռ պետք է գործեն.
- համակարգային թվայնացումը,
- պատժի անխուսափելիությունը,
- օրենքների և նորմերի պարզությունը
- պաշտոնյաների բարեվարքությունը:
Անվիճելի է, որ պաշտոնյայի եկամուտը պետք է գոյանա բացառապես պետական բյուջեից և օրենքով չարգելված գործունեությունից։ Սակայն «լավ ապրելը» չի կարող լինել իրականությունից կտրված։ Այն պետք է լինի տրամաբանված, համահունչ երկրի տնտեսական վիճակին և թափանցիկ հարկատուների համար։
Իսկ այստեղ փաստերն անողոք են. երբ երկրում առկա է 20-21% աղքատություն, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է, կան թերսնվող երեխաներ և տասնյակ հազարավոր տեղահանված հայրենակիցներ (որոնց բնակապահովության համար պետությունը 250 մլն դոլար վարկ է վերցնում), պաշտոնյաների բարձր եկամուտները սկսում են դիտարկվել որպես սոցիալական անարդարության ցուցիչ։ Հատկապես, երբ դրանք դժվար է հիմնավորել նրանց աշխատանքի արդյունավետությամբ:
Եթե կար բարեխիղճ և արդյունավետ աշխատանք, որոշ բացառություններով, դժվար մարդիկ դեմ լինեն պատգամավորի կամ այլ պաշտոնյայի բարձր վարձատրությանը։ Հարց է առաջանում՝ ինչո՞վ է առանձնացել, օրինակ, Ազգային ժողովը վերջին 4,5 տարում, որի պատգամավորները տարեվերջին մոտ 3-ական մլն դրամ աշխատավարձ-պարգևավճար են ստացել.
- Ազգային ժողովն արդյունավետ իրականացրել է կառավարությանը վերահսկելու գործառո՞ւյթը։
- Քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է կանչվել ԱԺ՝ թերացումների համար սուր քննադատության ենթարկվելու (այդ թվում՝ յուրայինների կողմից)։
- Արդյոք կտրուկ աճե՞լ է օրենսդրական գործունեության օգտակար գործողության գործակիցը։
- Հայաստանն ավելի արդյունավե՞տ է ներկայացվել միջազգային կառույցներում։
- Ստեղծվե՞լ են նոր հնարավորություններ բիզնեսի և քաղաքացիների համար խորհրդարանական դիվանագիտության միջոցով։
- Քանի՞ օրենսդրական նախաձեռնություն է ծնվել հենց պատգամավորների կողմից, ոչ թե կառավարության։
Պետական պաշտոնյայի բարձր վարձատրությունը բնականոն երևույթ է, եթե այն ունի հստակ չափելի արդյունք։ Ի վերջո, քաղաքացին՝ որպես հիմնական գործատու, ակնկալում է լիարժեք թափանցիկություն և հիմնավորում, թե կոնկրետ որ արժանիքների կամ ձեռքբերումների դիմաց է իր գրպանից վճարում պարգևավճարներ, որոնք հաճախ մի քանի անգամ գերազանցում են պաշտոնական դրույքաչափերը։
«Հարկատուն հերոս է» չարչրկված արտահայտությունը կարող է հակառակ արդյունքը ունենալ, եթե պետությունը այդպես շարունակի տնօրինել նույն հարկատուի փողերը։
Արշալույս Մղդեսյան











