Գլխավոր Լրահոս

Վրաստանի վարչապետը կոչ է անում հետաքննել սննդամթերքի բարձր գները

Վրաստանի վարչապետը կոչ է անում հետաքննել սննդամթերքի բարձր գները

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է, որ երկրում սննդամթերքի գները բարձր են՝ դա կապելով մեծ մարժաների և բարձր շահույթների հետ։ Նա խոստացել է աշխատել մատակարարների և մանրածախ առևտրի ցանցերի հետ, սակայն միաժամանակ կոչ է արել իրավապահ մարմիններին ուսումնասիրել հնարավոր «կարտելային» գործելակերպը։

Իր անձնական և իշխող «Վրացական երազանք» կուսակցության սոցիալական ցանցերի էջերում հրապարակված տեսանյութում, Կոբախիձեն անդրադարձել է այն մտահոգություններին, որ «վրացական սուպերմարկետներում սննդամթերքի գները էականորեն գերազանցում են եվրոպական գները»։

Նա խոստովանել է, որ վրացական և եվրոպական գների միջև կա «զգալի տարբերություն»՝ որպես օրինակ բերելով Վրաստանում և Ֆրանսիայում գործող նույն միջազգային առևտրային ցանցերի գները։ Նրա խոսքով՝ արևածաղկի ձեթի կոնկրետ ապրանքանիշը Վրաստանում 34 տոկոսով ավելի թանկ է, մակարոնը՝ 97 տոկոսով, իսկ բրինձը՝ 140 տոկոսով։

Կոբախիձեն հայտարարել է, որ գների այս տարբերությունը պայմանավորված է «մատակարարների և մանրածախ ցանցերի կողմից սահմանված բարձր մարժաներով, որոնք միջինում կազմում են 86 տոկոս՝ Վրաստանի սահմանից մինչև խանութի դարակը»։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ Վրաստանում գործող մանրածախ ցանցերը զգալիորեն ավելի բարձր շահույթ ունեն, քան Եվրոպայում։ Մասնավորապես, որոշ վրացական ցանցերի զուտ շահույթի մարժաները կազմում են 7 տոկոս, 8 տոկոս և 14 տոկոս, մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշը շուրջ 2 տոկոսէ»,- հավելել է նա։

Կոբախիձեն նշել է, որ մարժաներն ու մատակարարների ֆինանսական բեռը այնքան բարձր են, որ «շատ դեպքերում վրացական արտադրողների համար ավելի շահավետ է իրենց արտադրանքը արտահանել, քան վաճառել տեղական շուկայում»։

«Դրա պատճառով վրացական սուպերմարկետներում հաճախ վաճառվում են օտարերկրյա ապրանքներ, որոնք իրականում արտադրում են տեղական ընկերությունները և արտահանում են արտերկիր։ Սա լուրջ խնդիր է, քանի որ պետության շահը պետք է լինի տեղական արտադրության խթանումը և ներմուծումների նվազեցումը»,- նշել է նա։

Վարչապետը բարձր շահութաբերությունը կապել է մանրածախ ցանցերի, իր ձևակերպմամբ, «արագ ընդլայնման» հետ՝ նշելով, որ «այսօր Վրաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 113 խանութ»։

«Բնական է, որ ցանցերի ընդլայնման հետ կապված ծախսերը ուղղակիորեն արտացոլվում են ապրանքների գների վրա»,- հավելել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ «գոյություն ունեցող պրակտիկան կասկածներ է առաջացնում, որ շուկայի որոշ խաղացողներ կարող են գործել համաձայնեցված՝ կարտելային սկզբունքներով, ինչը պահանջում է լրացուցիչ վերլուծություն»։

Կոբախիձեն խոստացել է աշխատել մատակարարների և մանրածախ առևտրի ցանցերի հետ՝ գների նվազեցման ուղղությամբ և, «անհրաժեշտության դեպքում», կիրառել «հակամենաշնորհային մեխանիզմներ, որոնք փորձարկվել են այլ երկրներում»։

Բացի այդ, նա ակնարկել է իրավապահների հնարավոր միջամտության մասին՝ կոչ անելով պարզել, թե «արդյոք որոշ սուբյեկտների գործունեության մեջ առկա են հանցավոր տարրերի նշաններ»։

Նա նաև կոչ է արել խորհրդարանին ստեղծել հանձնաժողով՝ հարցը ուսումնասիրելու նպատակով։

«Սխալ դրամավարկային քաղաքականություն»

Վրաստանում տեղական և ԵՄ սննդամթերքի գների տարբերության հետ կապված մտահոգությունները հասարակության շրջանում առկա էին դեռևս մինչև Կոբախիձեի հրապարակած տեսանյութը։

Վրացական սոցիալական ցանցերում հաճախ են տարածվում տեսանյութեր, որտեղ վրացի միգրանտներն ու ճանապարհորդները ԵՄ սուպերմարկետներում նկարահանում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Այդ բովանդակությունը հաճախ դառնում է վիրուսային և մեկնաբանություններում լայն քննարկումների տեղիք տալիս Վրաստանում մթերքների բարձր գների շուրջ։

Սակայն խնդրի պատճառների և լուծումների վերաբերյալ կարծիքները տարբեր են։

Կոբախիձեի կուսակիցը՝ «Վրացական երազանք»-ի անդամ և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ողջունել է վարչապետի հայտարարությունները՝ խոստանալով, որ «գարնանային նստաշրջանի բացման հետ խորհրդարանը կստեղծի հատուկ հանձնաժողով և կսկսի գների ձևավորման գործընթացի հանրային ուսումնասիրությունը»։

Մինչդեռ նախկին պատգամավոր Ռոման Գոցիրիձեն, որը 2005–2007-ին զբաղեցրել է Վրաստանի ազգային բանկի նախագահի պաշտոնը, արձագանքել է Կոբախիձեի հայտարարություններին՝ պնդելով, որ իշխող կուսակցությունը սկսում է «ճնշումներ մանրածախ ցանցերի նկատմամբ»։

Նրա խոսքով՝ գների աճի հիմնական պատճառը «իշխանությունների սխալ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունն է», ինչպես նաև «պետական ռեսուրսների ամբողջական թալանն ու էլիտար կոռուպցիան»։

Անդրադառնալով իրավապահ մարմինների միջամտության վերաբերյալ Կոբախիձեի կոչին՝ Գոցիրիձեն զգուշացրել է, որ «հաջորդ քայլը կարող է լինել բիզնեսի նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը՝ ինչպես դա տեղի է ունեցել Բելառուսում և նմանատիպ այլ երկրներում»։

Նախկինում իշխող կուսակցությունը արդեն քննարկել է ապրանքների գների պետական կարգավորման հնարավորությունը։ 2023-ին, վարչապետի պաշտոնում գտնվելու ընթացքում, Իրակլի Ղարիբաշվիլին, որը ներկայում մեղադրվում է փողերի լվացման մեջ, առաջարկել էր սահմանել ներմուծողների մարժաներն ու առևտրային հավելավճարները և կանոնակարգել մանրածախ ցանցերի գործունեությունը։

Ղարիբաշվիլին նախատեսում էր հանձնարարել Էկոնոմիկայի նախարարությանը մշակել համապատասխան օրինագիծ, սակայն գործընթացը այդպես էլ չի առաջ գնացել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում