«Գազայի թակարդը». Թրամփի խաղաղության ծրագիրն ու Պակիստանի փողոցը

Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրն իր իշխանությունը կառուցել է առաջին հայացքից պարզ, բայց խաբուսիկ մի թեզի վրա՝ Պակիստանը կարող է կայունանալ, եթե երկրում նախ «կարգուկանոն» հաստատվի, իսկ քաղաքականությունը պետք է թողնել հետո-ի, գրում է հնդկական Global Order կայքի վերլուծաբան Ռիշի Սուրին։
2025-ին Մունիրի այդ թեզը բախվում է արտաքին քաղաքական մի փորձության, որին սկզբունքորեն վիճակված է երկկողմանի (lose-lose) ձախողում: Այդ թեզը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ մղվող Գազայի «կայունացման» շրջանակն է, որը նախատեսում է հենվել իսլամական մեծամասնություն ունեցող երկրների զորքերի վրա։ Վաշինգտոնի համար սա քաղաքական նրբագեղ վահան է, իսկ Իսլամաբադի համար՝ ներքին պայթուցիչ։
Reuters-ի հաղորդմամբ, որ Թրամփի Գազայի ծրագրով նախատեսվում է ստեղծել կայունացնող ուժեր, որոնք կարող են համալրվել իսլամական երկրների զորքերով՝ Գազայում ավերիչ ռազմական արշավից հետո վերականգնումն ու ապառազմականացումը վերահսկելու համար։ Պակիստանը ակնհայտ թեկնածուներից մեկն է՝ մեծ բանակ, ԱՄՆ անվտանգության համակարգի հետ երկարամյա համագործակցության փորձ և ղեկավարություն, որը բացահայտորեն առաջնահերթ է համարում Վաշինգտոնի հետ ռազմավարական սակարկությունը։ Սակայն այն, ինչ արտերկրում կարող է դիտվել որպես պրագմատիկ ներդրում, երկրի ներսում կարող է ընկալվել որպես բարոյական դավաճանություն, հատկապես մի հասարակությունում, որտեղ Պաղեստինը պարզապես քաղաքական օրակարգ չէ, այլ ինքնության նշան՝ արմատավորված քարոզներում, փողոցային քաղաքականության մեջ և առօրյա զգացմունքներում։
Ահա այստեղ է, որ Մունիրի հավասարակշռման փորձը վերածվում է լարախաղացության։
Փողոցը կլսի «Իսրայել», ոչ թե «կայունացում»
Պակիստանը չի ճանաչում Իսրայելը, և բազմիցս վերահաստատել է, որ պակիստանյան անձնագրերը «վավեր չեն Իսրայել մեկնելու համար»՝ բյուրոկրատական մանրուք, որը նաև քաղաքական ազդակ է։ Գազայի հարցում հանրային տրամադրությունը բացարձակապես պաղեստինամետ է։
Այդ միջավայրում նույնիսկ ԱՄՆ-ի առաջնորդած Գազայի որևէ ճարտարապետության մեջ Պակիստանի հնարավոր մասնակցության ամենաթեթև ակնարկը ընդդիմախոսների կողմից կներկայացվի որպես «օգնություն Իսրայելին՝ պատերազմի հետևանքները վերահսկելու հարցում»։ Կարևոր չէ՝ առաքելությունը կներկայացվի որպես հումանիտար, արաբական երկրների կողմից ղեկավարվող, թե ՄԱԿ-ի լիազորությունը ստացախ։ Կարևոր չէ նաև՝ Իսլամաբադը կպնդի, թե ոչ, որ «ապառազմականացումը» նպատակ ունի կանխել նոր արյունահեղությունը։ Ամենապարզ կարգախոսը կհաղթի՝ Պակիստանին օգտագործում են պաղեստինցիներին հսկելու համար։
Պակիստանի փողոցներն արդեն պատրաստ են մոբիլիզացիայի։ Գազայի օգտին ցույցերն ու երթերը մեծ բազմություններ են հավաքել երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Կարաչիում։ Այս տարվա ապրիլին Associated Press-ը հաղորդել էր Լահորում մոտ 15,000 հոգու մասնակցությամբ հանրահավաքի մասին, որը կազմակերպել էր Jamaat-e-Islami-ն՝ Գազայի շուրջ զայրույթը բացահայտորեն միախառնելով հակաամերիկյան և հակաիսրայելական ուղերձների հետ։ Ծրագրված բողոքի ակցիաների ֆոնին՝ Պակիստանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես նախազգուշացումներ է արել, ինչը հիշեցում է, որ ցույցերը հիպոթետիկ չեն․ դրանք քաղաքական օրացույցի կրկնվող տարր են։
Սա է այն ներքին իրականությունը, որը Մունիրը պարտավոր է հաշվի առնել Վաշինգտոնի հետ յուրաքանչյուր հեռախոսազրույցում։
Մունիրի «մարգարեական» կերպարը բախվում է նրա ամենաբարդ ընտրազանգվածին
Մունիրը փորձել է անել այն, ինչ Պակիստանի գեներալները հաճախ են ցանկացել, բայց հազվադեպ՝ մաքուր կերպով իրականացրել․ գերիշխանություն՝ առանց հեղաշրջման արտաքին նշանների։ Նա իրեն ներկայացնում է որպես պետության պահապան՝ կուսակցություններից վեր, խորհրդարանից վեր, ընտրական լեգիտիմության խառնաշփոթից վեր։ Reuters-ը նրան նկարագրում է որպես վերջին տասնամյակների ընթացքում Պակիստանի ամենահզոր զինվորական գործիչ՝ ընդլայնված լիազորություններով և ձեռքում քաղաքական իշխանության կենտրոնացմամբ, ինչը նրան վճռորոշ դերակատար է դարձնում նույնիսկ ոչ ռազմական դրության պայմաններում։
«Մարգարեական» կերպարի հիմքում երկու սյուն է։
Առաջինը՝ արտաքին լծակների խոստումը․ գաղափարը, որ Մունիրը կարող է օգնություն, ներդրումներ և միջազգային «ներողամտություն» կորզել՝ իրեն ներկայացնելով որպես միակ մարդը, ով կարող է Պակիստանը պահել կառավարելի վիճակում։ Reuters-ը նշում է, որ համագործակցությունը կարող է ամրապնդել ԱՄՆ–Պակիստան հարաբերությունները և բացել տնտեսական հնարավորություններ, սակայն ներքին հակազդեցության լուրջ ռիսկով։
Երկրորդը՝ ներքին կարգապահության խոստումն է՝ այն պնդումը, որ նա բռնության և վերահսկվող նարատիվների համադրությամբ կարող է սանձել անկարգությունը՝ լինի դա քաղաքական մրցակիցներից, կրոնական փողոցային ուժից, թե տնտեսական հուսահատությունից բխող։ Financial Times-ը նշում է, որ նրա շրջանը առանձնացել է անգամ էլիտար շրջանակների ներսում ճնշումների անսովոր պատրաստակամությամբ, այդ թվում՝ նախկին հետախուզական բարձրաստիճան պաշտոնյայի դատապարտմամբ, քաղաքացիական–ռազմական սուր հակամարտության մթնոլորտում։
Սակայն Գազան այլ է, քանի որ դա պարզապես ընդդիմադիր քաղաքականություն չէ։ Այն վերաբերում է տարբեր ընտրազանգվածների՝ իսլամիստական կուսակցությունների, պահպանողական միջին խավի թաղամասերի, ուսանողական խմբերի, շուկայի վաճառականների և նույնիսկ ապաքաղաքական ընտանիքների, որոնք Պաղեստինը տեսնում են հավատքի և համերաշխության դիտակետից։ Սա այն հազվագյուտ թեման է, որտեղ Պակիստանի հաստատությունն ու նրա ամենասկեպտիկ փողոցային շարժումները կիսում են նույն բառապաշարը՝ մինչև այն պահը, երբ փողոցը սկսում է կասկածել, որ իսթեբլիշմենթը պատրաստ է զիջումների։
Եթե Մունիրը թեքվի դեպի Թրամփը, նա կարող է բողոքի ալիք հրահրել, որը շատ ավելի դժվար կլինի պիտակավորել որպես «արտասահմանից ֆինանսավորվող» կամ «հակապետական», քանի որ հուզական վառելիքը տեղական է և օրգանական։ Իսկ եթե նա հեռանա Թրամփից, ապա կվտանգի իր ձեռքին առկա արտաքին լծակները, որոնց վրա հենվում է նրա ուժեղ ղեկավարի կերպարը՝ «միայն ես կարող եմ գլուխ հանել Վաշինգտոնի հետ գործերում, և միայն Վաշինգտոնն է, որ Պակիստանի տնտեսությունը կարող է պահել ջրի երեսին»։
Բողոքի էկոհամակարգը հակված է էսկալացիայի
Բողոքականությունը, որ կա պակիստանյան քաղաքականության հիմքում, պարզապես ինքնաբուխ չէ։ Այն կազմակերպվում է մզկիթների, կուսակցական ցանցերի և շարժումների նախաձեռնողների միջոցով, որոնք հստակ գիտեն՝ ինչպես զայրույթը վերածել լոգիստիկայի՝ ավտոբուսների, պաստառների, ձայնային համակարգերի, սոցիալական ցանցերի հոլովակների և բախման կետերի։
Վերջերս Associated Press-ը հաղորդեց պետության աճող անհանգստությունների մասին՝ կապված Գազայի օգտին բողոքների և կոշտ գծի կողմնակիցների մոբիլիզացիայի հետ, այդ թվում՝ հրահրման և բախումների շուրջ իրավապահների հնարավոր գործողությունների։ Սա կարևոր է, քանի որ ընդգծում է պետության դիլեման՝ ճնշումը կարող է կրճատել բազմությունը, բայց կարող է նաև սրբացնել դրան։ Մզկիթի դռների առաջ ուրբաթօրյա աղոթքից հետո կիրառված մահակները չեն լռեցնում պատմությունը․ դրանք նրան բազմապատկում են։
Այդ պատճառով Մունիրը կանգնած է շղթայական խնդրի առաջ.
- եթե վաղ փուլում ազդանշան տա Գազայի կայունացման ուժին աջակցելու մասին, կհրահրի փողոցային դիմադրություն,
- եթե փորձի լուռ համագործակցություն ունենալ Վաշինգտոնի հետ, փողոցի փոխարեն գործը կանեն արտահոսքերն ու լուրերը,
- եթե հրապարակայնորեն մերժի, կարող է կարճաժամկետ շահել փողոցում, բայց կորցնել ռազմավարական սակարկման այն խաղաքարտը, որի վրա հիմնված է իր ամբողջ մոդելը։
Գեներալի պարադոքսը․ լեգիտիմություն չունեցող ուժը արտաքին աշխարհում խոցելի է
Մունիրի «առանց հեղաշրջման» գերիշխանությունը կարող է ժամանակակից թվալ՝ սահմանադրական ինժեներիա, վերահսկվող քաղաքացիական ֆասադների և չափավոր ճնշումների միջոցով։ Սակայն այն երևակում է Պակիստանին վաղուց հայտնի խոցելիությունը. լեգիտիմության պակասը արտաքին քաղաքականությունը դարձնում է պայթյունավտանգ։ Երբ ղեկավարները զուրկ են լայն հանրային համաձայնությունից, նրանց արտաքին գործարքները հեշտությամբ վերածվում են ներքաղաքական զենքի։
Թրամփի Գազայի պլանը, ինչպես այն նկարագրում է Reuters-ը, հենց այնպիսի գործարք է, որը հեշտությամբ կարող է «գործիքայնացվել» ներքաղաքական պայքարում․ այն ներառում է զորքերի տեղակայման պատկերաբանություն, Իսրայելի անմիջական հարևանություն և «ապառազմականացման» ակնարկ՝ մի խմբի նկատմամբ, որին Պակիստանում շատերը դիտարկում են դիմադրության քաղաքականության ոսպնյակով։
Այլ կերպ ասած՝ սա կատարյալ փոթորիկ է՝ արտաքին քաղաքական քայլ, որը Վաշինգտոնում կարելի է ներկայացնել որպես պետական գործչի հմտություն, իսկ Լահորում՝ որպես դավաճանություն։
Եվ հենց այդ պատճառով Մունիրի համար դժվար կլինի ոչ թե այն պատճառով, որ նա չունի իշխանություն, այլ որովհետև Գազան այն հազվագյուտ թեմաներից է, որը կարող է Պակիստանի փողոցին ստիպել իր վախերից վեր հարց տալ՝ իսկ իրականում ո՞ւմ համար եք դուք իշխում։
Թեմա
Civilnet










