Ադրբեջանի հետ սահմանային առևտուրը դիտարկում ենք որպես խաղաղության էվոլյուցիոն փուլ. Արայիկ Հարությունյան

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը համոզված է, որ Ադրբեջանի հետ ուղիղ սահմանային առևտուրը կդառնա երկու երկրների հարաբերությունների կարգավորման «էվոլյուցիոն զարգացման հերթական փուլը»։
«ՍիվիլՆեթի» հետ զրույցում Հարությունյանը, անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Ադրբեջանի հետ սահմանը բացելու և ուղիղ առևտուր սկսելու վերջին հայտարարությանը, նշել է, որ չնայած կոնկրետ ժամկետներ դեռևս չկան, սակայն սահմանների բացումն ու ապրանքաշրջանառությունը ընթացող խաղաղության գործընթացի բնականոն շարունակությունն են։
«Այն պրոցեսները, որոնք այժմ տեղի են ունենում՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, հաղորդակցությունների ապաշրջափակումը, ապրանքների հոսքը, ինչ-որ մի պահի... հանգեցնելու են նաև երկկողմ և քաղաքացիների միջև սահմանային առևտրի»,- ասել է Հարությունյանը։
Օրեր առաջ Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի (22 վագոն կամ 1300 տոննա) ներկրումից հետո, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջին անգամ բարձրաձայնեց սահմանների բացման և ուղիղ առևտրային կապերի հաստատման հասունացած անհրաժեշտության մասին։
Այս առաջարկը հնչեց այն բանից հետո, երբ հայկական կողմը վրացական երկաթուղով բեռների տարանցման սակագները որակեց «ոչ մրցակցային»։ Ըստ նախարար Պապոյանի՝ սա ստիպում է տնտեսվարողներին փնտրել այլընտրանքներ, որոնցից ամենաարդյունավետը կարող է լինել երկու երկրների միջև սահմանի բացումն ու ուղիղ առևտուրը։
«Այն բեռները, որոնք երկաթուղով հասնում են մինչև սահման, կարող են տեղափոխվել բեռնատարներ և ուղիղ անցնել սահմանը։ Դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա, և բիզնեսը պատրաստ է դրան»,- ասել էր նախարարը։
Վերջին շրջանում տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում արդեն իսկ արձանագրվել են Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական հացահատիկի, այնուհետև՝ ադրբեջանական բենզինի Հայաստան ներկրման նախադեպեր։ Սա անկախությունից ի վեր երկու պետությունների միջև իրականացված առաջին խոշոր առևտրատնտեսական գործարքն է։
Տեղադրություն
Civilnet










