Գլխավոր Լրահոս

Ամանորի նախաշեմին սոցցանցերում ակտիվացել են կեղծ խաղարկությունները

Ամանորի նախաշեմին սոցցանցերում ակտիվացել են կեղծ խաղարկությունները

Ամանորյա շրջանում, երբ բազմաթիվ ընկերություններ անցկացնում են խաղարկություններ և առաջարկում են մեծ զեղչեր, ակտիվանում են նաև զեղծարարները։ Օգտվելով իրավիճակից՝ նրանք սոցիալական ցանցերում տարածում են կեղծ գրառումներ հայտնի ընկերությունների անունից․ օրինակ՝ իբր Nissan-ը և Toyota-ն Սուրբ Ծննդյան կապակցությամբ մեքենաներ են նվիրում, իսկ Coca-Cola-ն մրցանակներ է խոստանում նկարում պատկերված ճիշտ թիվը գուշակողներին և նմանատիպ այլ խաբուսիկ առաջարկներ։

«Այս տարի Սուրբ Ծնունդը նշելու համար #Toyota-ն ցանկանում է ուրախությունը կիսել իր բոլոր հետևորդների հետ։ Մենք նվիրում ենք 5 նոր Toyota մեքենա։ Ընտրեք ձեր նախընտրած գույնը, օրինակ՝ «Կարմիր»»,- նշված է Toyota-ի անունից տարածված գրառման մեջ։ 

Էկրանապատկերը՝ կեղծ գրառումներ տարածած ֆեյսբուքյան էջերից

Մինչդեռ, այս գրառումները կեղծ են, որոնց միակ նպատակը օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները կորզելն է։

Խաղարկությունները կեղծ էջերի միակ ակտիվությունը

Դեկտեմբերի 24-ին ստեղծված Toyota-Hilux’fans. անվանումով ֆեյսբուքյան էջում նույն օրը հրապարակվել է խաղարկության վերաբերյալ գրառում։ Սա էջի միակ ակտիվությունն է, որը, սակայն, մի քանի ժամվա ընթացքում հասցրել է ավելի քան 300 տարածում (share) ստանալ։

Էկրանապատկերը՝ Toyota-Hilux’fans. անվանումով ֆեյսբուքյան էջից

Բացի Toyota-ից, նմանատիպ գրառումներ են հրապարակվել նաև այլ ընկերությունների անունով ստեղծված ֆեյսբուքյան էջերի միջոցով, որոնք ևս ունեն մեծ թվով տարածումներ և մեկնաբանություններ։ Այս ֆեյսբուքյան էջերը ողողված են բացառապես խաղարկությունների և նվերների վերաբերյալ հրապարակումներով։ Բոլոր դեպքերում մասնակցության պայմանները չափազանց պարզ են․ մեկնաբանել գրառումը, տարածել այն 10-15 ֆեյսբուքյան էջում և այլն։

Գրառումները մեկնաբանելուց հետո օգտատերերին ուղարկվող նամակները գրեթե նույնությամբ կրկնում են միմյանց։ Օրինակ՝ Kia Dealer և «Փոքրիկ տուն» անվանումներով ֆեյսբուքյան էջերի գրառումները մեկնաբանելուց հետո ուղարկվել է նույն բովանդակությամբ նամակ, ինչը փաստում է, որ այդ էջերը կառավարվում են նույն կենտրոնից։

Էկրանապատկերը՝ Kia Dealer և «Փոքրիկ տուն» ֆեյսբուքյան էջերի հետ նամակագրությունից

Չնայած դրան, հայտնի չէ՝ այդ էջերը կառավարվում են Հայաստանից, թե Հայաստանի սահմաններից դուրս։

Հատկանշական է նաև, որ դեկտեմբերի 2-ից սոցիալական ցանցերում տարածվում է գրառում գերմանական «Լիդլ» սուպերմարկետների ցանցի անունից։ Գրառման մեջ կրկին նույն սխեմայով առաջարկվում է գուշակել ճիշտ թիվը, որի դիմաց «հաջողակ» մասնակիցը կարող է ստանալ անակնկալ պայուսակ։ Թեև գրառմանը հավատացած օգտատերերի թիվը մեծ է, և այն հարյուրավոր տարածումներ ունի, զեղծարարները հաշվի չեն առել մի կարևոր փաստ․ «Լիդլ» սուպերմարկետների ցանցը Հայաստանում չի գործում։

Էկրանապատկերը՝ Lidl.fans անվանումով կեղծ ֆեյսբուքյան էջից

Նմանատիպ գրառումները մեկնաբանելուց և ֆեյսբուքյան խմբերում տարածելուց հետո օգտատերերին ուղարկվում է ընկերության պաշտոնական կայքին նմանակող կեղծ կայքի հղում։ Իրականում այդ կայքը ֆիշինգային է, որի միջոցով զեղծարարները փորձում են կորզել օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները։

Խաբեության զոհ չդառնալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կայքի դոմեյնային հասցեին, ինչպես նաև խաղարկությունների և նվերների վերաբերյալ տեղեկություններ ստանալ բացառապես ընկերությունների պաշտոնական էջերից և կայքերից։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում