Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն

Ֆրանսիական ու համաշխարհային կինոյի հայտնի դերասանուհի Բրիջիտ Բարդոն մահացել է 91 տարեկանում։ Այս մասին AFP լրատվականին հայտնել է դերասանուհու հիմնադրամը։
«Բրիջիտ Բարդոյի հիմնադրամը անսահման տխրությամբ հայտարարում է իր հիմնադիր և նախագահ Բրիջիտ Բարդոյի մահվան մասին, որը համաշխարհային հռչակ ձեռք բերած դերասանուհի և երգչուհի է եղել և որը որոշեց լքել իր հեղինակավոր կարիերան՝ իր կյանքն ու էներգիան նվիրելու կենդանիների բարեկեցությանն ու իր հիմնադրամին», - ասվում է հայտարարության մեջ՝ առանց նշելու մահվան ժամանակն ու վայրը։
Բարդոն 20-րդ դարի Ֆրանսիայի ամենավառ աստղերից էր: Նա համաշխարհային հայտնիություն ձեռք բերեց՝ 1956 թվականին «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում հայտնվելուց հետո, ապա մասնակցեց շուրջ 50 այլ ֆիլմերի՝ նախքան դերասանությունը թողնելը։
Բրիջիտ Բարդոյի հայտնի ֆիլմերից են նաև «Ճշմարտությունը» (La Vérité, 1960), «Արհամարհանք» (Le Mépris, 1963), «Վիվա Մարիա» (Viva Maria!, 1965), «Բաբեթը գնում է պատերազմի» (Babette s’en va-t-en guerre, 1959), «Շալակո» (Shalako, 1968): Նա նաև ձայնագրել է 80 երգ ու հանդես եկել տարբեր երաժշտական շոուներում։
1973 թվականին ավարտելով կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։
Թեմա
Civilnet










