Սիրիայում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 3 մարդ

Սիրիայում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն երեք մարդ, կա 60 վիրավոր։ Հայտնում է Al Jazeera լրատվականը։
Սիրիայի Լաթաքիա, Տարտուս և Ջաբլե քաղաքներում հարյուրավոր ալավի սիրիացիներ դուրս են եկել փողոց այն բանից հետո, երբ Հոմս քաղաքի մզկիթում իրականացված պայթյունը ութ մարդու կյանք խլեց։
Հակակառավարական ցույցերի ժամանակ, որոնցում անվտանգության ուժերի մեծ ներկայություն էր նկատվում, հնչել են կարգախոսներ, որոնք պարունակում էին կառավարման ֆեդերալ համակարգի պահանջ։
Զոհերը գրանցվել են ցույցերը ցրելու ժամանակ։ Զոհերի թվում է նաև անվտանգության մեկ աշխատակից։
Դեկտեմբերի 26-ին Հոմս քաղաքի ալավիների մզկիթում աղոթքի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել՝ 18 մարդ։ Տեղական պաշտոնյաները Reuters լրատվական գործակալությանը հայտնել էին, որ պայթյունը կարող է առաջացած լինել մահապարտ ահաբեկչի կամ այնտեղ տեղադրված պայթուցիկների պատճառով։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հետաքննություն են անցկացնում։ Սիրիայի և արտերկրի Ալավիների գերագույն իսլամական խորհրդի ղեկավարն էլ մզկիթի վրա հարձակումից հետո կոչ էր արել ցույցերի։
Մարտի 6-ին Սիրիայի արևմուտքում՝ Լաթաքիայի և Տարտուսի նահանգներում տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակից զինյալների և Սիրիայի անվտանգության ուժերի միջև սկսվել էին զինված բախումներ, որոնք վերաճել էին խաղաղ բնակչության շրջանում ավելի քան 800 զոհի։ Բախումները բռնկվել էին այն բանից հետո, երբ ալավիական խմբերը դուրս էին եկել փողոց՝ բողոքելով Հայաթ Թահրիր աշ-Շամ խմբավորման (HTS) դեմ, որն իշխանության է եկել 2024--ի դեկտեմբերին՝ Սիրիայում Ասադների իշխանության տապալումից հետո։
Մինչ այս դեկտեմբերի բախումները՝ ՍիվիլՆեթը զրուցել էր հալեպահայ Երան Զեյթունցյանի հետ՝ հասկանալու, թե ինչ պատկեր է Սիրիայում՝ իշխանափոխությունից մեկ տարի անց։
Թեմա
Civilnet










