Շիրակի մարզում հունվարի առաջին տասնօրյակում սպասվում է մինչև -30 աստիճան սառնամանիք, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով, և խիստ ցուրտ ֆոնը կպահպանվի մինչև հունվարի 9-ը ներառյալ: Լեռնային այլ շրջաններում՝ Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում, ջերմաստիճանը կիջնի մինչև -25, իսկ Երևանում նվազագույնը կկազմի -15-ից -17 աստիճան:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ չնայած ամսվա մեկնարկային սառնամանիքներին, հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում սպասվում է ջերմային ֆոնի կտրուկ փոփոխություն: Հարավից ներթափանցող արևադարձային տաք հոսանքների հաշվին ջերմաստիճանը նախորդ օրերի համեմատ զգալի կբարձրանա՝ կլիմայական նորմայից դառնալով 1-2 աստիճանով բարձր: Այս փուլում ցերեկային ժամերին Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +16, իսկ Երևանում՝ +7-ից +9 աստիճանի: Ամփոփելով ամսական կանխատեսումը՝ պաշտոնյան հայտնեց, որ հունվարը կլինի նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով:
Առաջիկա օրերի մասով Սուրենյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 31-ի հետկեսօրյա ժամերից Միջերկրական ծովից ներթափանցող նոր ցիկլոնի ազդեցությամբ հանրապետության մեծ մասում կսկսվի ձյուն, որը կշարունակվի հունվարի 1-ին և 2-ին: Հունվարի 3-ից տեղումները կդադարեն, սակայն եղանակի պարզեցմանը կհաջորդի ջերմաստիճանի հերթական անկումը 8-10 աստիճանով, ինչը կհանգեցնի լեռնային գոտիներում սառնամանիքների ուժգնացմանը:
Civilnet











