Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը Մեծ Բրիտանիայի վարկանիշը իջեցրել է մեկ աստիճանով՝ Ааа-ից մինչև Аа1` «կայուն» կանխատեսմամբ: Սա 1970-ականներից հետո, երբ Լոնդոնին սկսել են վարկանիշներ շնորհվել, առաջին դեպքն է, որ Մեծ Բրիտանիան զրկվում է բարձրագույն վարկանիշից:
Գործակալությունում այս որշումը պայմանավորել են տնտեսական ցածր աճի կանխատեսմամբ, առկա ֆինանսական խնդիրներով, պետպարտքի մակարդակի բարձրացմամբ և տնտեսական շոկի դեմ պայքարի համար ոչ բավարար գործիքների առկայությամբ: Moody’s-ի փորձագետների կարծիքով՝ ՀՆԱ-ի աճի և պետպարտքի հետ կապված խնդիրները կշարունակվեն առնվազն մինչև 2016թ: 2012թ. 4-րդ եռամսյակում երկրի տնտեսությունը կրճատվել է 0,3%-ով: Եվրահանձնաժողովի կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայի պետպարտքը կաճի մինչև 98%՝ 2012թ. 90%-ի համեմատ:
Վարկային բարձրագույն վարկանիշի պահպանումը Մեծ Բրիտանիայի պահպանողակնների և լիբերալ-դեմոկրատների կոալիցիոն կառավարության առաջնահերթություններից մեկն էր: «Մենք պարտքային խնդիրների առակայության մասին հստակ ազդակ ստացանք, և սա առավելագույն հստակ զգուշացում է բոլորին, որոնք կարծում են՝ հնարավոր է խուսափել խնդիրների լուծումից»,-ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը՝ ակնարկելով, որ մտադիր է շարունակել խնայողության խիստ միջոցառումների իրականացումը: Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ «կայուն» կանխատեսումը նշանակում է, որ առաջիկա 12-18 ամիսներին վարկանիշի իջեցում, ամենայն հավանականությամբ, չի լինի:
Փորձագետների կարծիքով՝ վարկանիշի իջեցումը Մեծ Բրիտանիայի պարտքի սպասարկման վրա էական ազդեցություն չի ունենա: Ավելին՝ վարկանիշի իջեցումը անակնկալ չէ, քանի որ Մեծ Բրիտանիայի պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գրեթե նույնն է, ինչ Ֆրանսիայինը և ԱՄՆ-ինը, որոնք ևս զրկվել են բարձրագույն վարկանիշներից: Մեծ Բրիտանիայի տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 2,11%՝ ԱՄՆ պարտատոմսերի 1,96%-ի և Ֆրանսիայինի 2,23%-ի համեմատ:
Bloomberg-ի փորձագետների կարծիքով՝ Moody’s-ի որոշումը հազիվ թե վախեցնի շուկաներին: 2012թ. ներդրողների 56%-ը անտեսել է գործակալությունների որոշումները:
Fitch և Standard&Poor’s գործակալությունները Լոնդոնի վարկանիշը, ամենայն հավանականությամբ, կիջեցնեն մարտին՝ Օսբորնի կողմից բյուջեն ներկայացնելուց հետո:
Civilnet











