Եվրոպայի գեներալները քաղաքացիներին հորդորում են պատրաստվել պատերազմի

Եվրոպայի գեներալները քաղաքացիներին զգուշացնում են պատրաստվել պատերազմի, սակայն Արևմտյան Եվրոպայի հասարակությունները շարունակում են չընդունել իրականությունը. այս վերնագրով հոդված է հրապարակել բրիտանական The Economist հանդեսը 2025-ի իր տարեվերջյան համարում։
Դեկտեմբերին Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆաբիեն Մանդոնի խոսքերը ֆրանսիացիների վրա ամպրոպի ազդեցություն ունեցան․ «Մենք պետք է ընդունենք մեր երեխաներին կորցնելու հնարավորությունը»։ Նրա խոսքով՝ մինչև 2030-ը Ռուսաստանի հետ հակամարտության հավանականությունը նշանակում է, որ պատրաստ պետք է լինի ոչ միայն բանակը, այլև ողջ հասարակությունը․ եթե երկիրը պատրաստ չլինի տառապանքներ կրել, այն խոցելի կլինի։ Սակայն այս հայտարարությունը լայնորեն ընդունվեց վրդովմունքով և անվստահությամբ։
Արևմտյան Եվրոպան դժվարությամբ է ըմբռնում, որ ապրում է «խաղաղության և պատերազմի միջև ընկած տարածքում», ինչպես 2025-ի դեկտեմբերի 15-ին ձևակերպել էր Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Բլեյզ Մեթրուելին։ Ռուսաստանին մոտ երկրներում՝ հատկապես բալթյան երկրներում, Լեհաստանում և Սկանդինավիայում, «պատերազմական պատրաստվածության» գաղափարը վաղուց է ընկալվում։ Բայց Փարիզի նման մայրաքաղաքներում, որը Ալժիրին ավելի մոտ է, քան Կիևին, սպառնալիքը թվում է հեռավոր՝ հեռուստաէկրանով դիտվող մի բան։
Ահա թե ինչու են անվտանգության ոլորտի պատասխանատուներն ահազանգում։ 2025-ի դեկտեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մռայլ տոնով հայտարարեց, որ «պետք է պատրաստ լինենք այնպիսի պատերազմի մասշտաբներին, ինչպիսին ապրել են մեր պապերն ու նախապապերը»։ Մի քանի օր անց Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ղեկավար, ավիացիայի մարշալ սըր Ռիչարդ Նայթոնն ընդգծեց, որ անվտանգությունը «չի կարող ամբողջությամբ փոխանցվել միայն զինված ուժերին»։
Ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ այս նախազգուշացումները որակում են որպես վախեցնող հռետորաբանություն։ Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ֆաբիեն Ռուսելը գեներալ Մանդոնի ելույթը անվանեց «անընդունելի ռազմատենչություն»։ Սակայն եվրոպական կառավարությունները սկսում են արձագանքել երկու հիմնական ուղղությամբ․ նախ՝ վերանայելով կամ վերականգնելով զինվորական ծառայության որոշ ձևեր, ապա՝ քաղաքացիական բնակչությանը պատրաստելով հնարավոր հակամարտությանը։
Դեկտեմբերին Գերմանիայի կառավարությունը համաձայնության եկավ բանակի համալրման նոր մոդելի շուրջ։ 2026-ից ծառայելու պատրաստակամությունը գնահատելու համար 18-ամյա բոլոր երիտասարդները կստանան հարցաթերթիկ։ 2027-ից 18-ամյա տղաները կանցնեն բժշկական զննում։ Սա կստեղծի զորահավաքի ենթակա անձանց տվյալների շտեմարան՝ այն, ինչ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կոչում է Kriegstüchtigkeit՝ «պատերազմական պատրաստվածություն»։
Նախորդ ամիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց 18-25 տարեկանների համար տասը ամիս տևող, վճարովի և կամավոր զինվորական ծառայության մասին, որը կսկսվի 2026-ին (պարտադիր ծառայությունը Ֆրանսիայում վերացվել էր 1997-ին)։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկում է բոլոր չափահաս տղամարդկանց համար ռազմական պատրաստության գաղափարը, թեև հստակ առաջարկներ դեռ չկան։ Ինչպես Գերմանիայում և Ֆրանսիայում, այստեղ ևս շեշտը դրվում է պահեստազորի ձևավորման և հակառակորդներին ուղերձ հղելու վրա։
Ֆրանսիան և Գերմանիան մեծապես ներշնչվել են սկանդինավյան երկրների փորձից։ Ֆինլանդիան և Նորվեգիան տասնամյակներ շարունակ ունեն զինվորական զորակոչ։ Ֆինլանդիայում բոլոր տղամարդիկ զորակոչվում են 18 տարեկանում, և ֆիններից ակնկալվում է, որ իրենց ներդրումը պետք է ունենան երկրի հավաքական պաշտպանության գործում։ Գերմանիան իր նոր մոդելը կառուցում է Շվեդիայի վերջին փորձի վրա։ Շվեդիան 2018-ին «ընդհանուր պաշտպանության» ռազմավարության շրջանակում վերականգնեց համակարգը, ըստ որի՝ բոլոր տղամարդիկ և կանայք 18 տարեկանում պարտավոր են գրանցվել։ Բանակը նրանց փոքր մասին է ընտրում՝ 11-ամսյա զինվորական ծառայության համար։ Պաշտպանության ոլորտի վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ Գերմանիան ինչ-որ փուլում ստիպված կլինի անցնել պարտադիր ծառայության՝ իր հավակնոտ համալրման նպատակներին հասնելու համար։
Սակայն Եվրոպայի արձագանքը միատեսակ չէ։ Իտալիան զորակոչը դադարեցրել է 2005-ին։ Պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն նախատեսում է 2026-ին խորհրդարանին ներկայացնել կամավոր պահեստազորի մասին օրինագիծ, որը կօգնի լրացնել զինված ուժերում առկա 30-40 հազար անձնակազմի պակասը։ Սակայն ծրագրի մանրամասները դեռ հստակ չեն։
Իսպանիայում կառավարությունը բարձրացրել է պաշտպանության ծախսերը, բայց նախատեսում է անձնակազմի ընդամենը համեստ՝ 7,000-ի աճ մինչև 2029-ը, և զորակոչի մասին խոսք չկա։ Նույնիսկ Մեծ Բրիտանիան, որն ունի վերազինման հավակնոտ ծրագրեր, չի քննարկում պարտադիր ծառայությունը․ այնտեղ զինված ուժերում 25 տարեկանից ցածր երիտասարդների համար մեկնարկում է «ընդմիջման տարի» (gap year) ծրագիր։ (Gap year-ը սովորաբար մեկ տարվա ընդմիջում է դպրոցն ավարտելուց հետո, որի ընթացքում երիտասարդը զբաղվում է աշխատանքով, կամավորությամբ, ճանապարհորդությամբ կամ հմտությունների ձեռքբերմամբ՝ մինչև ուսումը կամ կարիերան շարունակելը։)
Քաղաքացիական պատերազմի պատրաստվածության հարցում տարբերությունն ավելի ընդգծված է սկանդինավյան, բալթյան երկրներում և Լեհաստանում՝ համեմատած Արևմտյան Եվրոպայի հետ։ Շվեդիայում ամեն տարի անցկացվում է «պատրաստվածության շաբաթ»՝ հանրային ուշադրությունը գրավելու համար։ 2024-ին կառավարությունը յուրաքանչյուր տնային տնտեսության ուղարկեց 32 էջանոց ուղեցույց, որտեղ նշվում էր․ «16 տարին լրանալու տարվանից մինչև 70 տարին լրանալու տարվա ավարտը դուք Շվեդիայի ընդհանուր պաշտպանության մաս եք կազմում և պարտավոր եք ծառայել պատերազմի կամ պատերազմի սպառնալիքի դեպքում»։ Ուղեցույցը բացատրում է, թե ինչ պաշարներ պետք է ունենալ տանը (մարտկոցներ, լապտերներ, պահածոներ, շշալցված ջուր, զուգարանի թուղթ և այլն) և ինչպես հասնել քաղաքացիական պաշտպանության ապաստարան։
Լիտվայի նմանատիպ ուղեցույցը թվարկում է երեք օր գոյատևելու համար անհրաժեշտ ամեն ինչ՝ նույնիսկ պարանը և հեռադիտակը։ Շվեդիան նախատեսում է քաղաքացիական պաշտպանության ծախսերը հասցնել 19,4 միլիարդ շվեդական կրոնի 2028-ին՝ 2022-ի 2,7 միլիարդից։ «Մենք մեծ շեշտ ենք դնում հասարակության ամբողջական ներգրավվածության վրա»,- ասում է քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոհլինը։
Արևմտյան Եվրոպայի քիչ երկրներ ունեն համադրելի նախաձեռնություններ։ Նոյեմբերին Նիդեռլանդները յուրաքանչյուր տնային տնտեսության ուղարկեցին արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ պատերազմի պատրաստման ուղեցույց։ Ֆրանսիան քաղաքացիներին պատրաստել է ահաբեկչական հարձակումների, բայց ոչ այնպիսի հակամարտության, ինչպիսին նկարագրել էր Ռյուտեն՝ «ավերածություններ, զանգվածային մոբիլիզացիա, միլիոնավոր տեղահանվածներ, համատարած տառապանք»։ Իսպանիան և Իտալիան նույնիսկ հանրային քննարկում չեն վարում այս թեմայով։
Դեկտեմբերին հրապարակված ինը երկրների հարցումը հաստատում է Եվրոպայում սպառնալիքի ընկալման տարբերությունները․ լեհերի 77%-ը կարծում է, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի հետ պատերազմի «բարձր ռիսկ» կա, մինչդեռ իտալացիների շրջանում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 34%։ Սակայն եվրոպացիները համակարծիք են մեկ հարցում՝ իրենք պատրաստ չեն։ Հարցվածների միջինը 69%-ը կարծում է, որ իրենց երկիրը չի կարող պաշտպանվել Ռուսաստանից, այդ թվում՝ իտալացիների 85%-ը, գերմանացիների 69%-ը, լեհերի 58%-ը և ֆրանսիացիների 51%-ը։
Թեմա
Civilnet










