Հալեպում մարտերի հետևանքով զոհեր կան

Հունվարի 6-ին Սիրիայի Հալեպ քաղաքում մարտեր են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հայտնում են տեղական պետական լրատվամիջոցները։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ քրդական առաջնորդությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) թիրախավորել են բանակի դիրքերն ու բնակելի տարածքները, սակայն SDF-ը հերքել է մեղադրանքները՝ կատարվածի համար պատասխանատու համարելով Դամասկոսի կառավարության հետ կապված խմբավորումների անկանոն հրետակոծությունները։
Իրավիճակի սրման պատճառով դադարեցվել է Հալեպի դպրոցների, համալսարանների ու պետական հիմնարկների աշխատանքը, իսկ Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 24 ժամով դադարեցրել է Հալեպի օդանավակայանի թռիչքները՝ վերաուղղորդելով դրանք դեպի մայրաքաղաք Դամասկոս։
Այս բախումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ պաշտոնյաները փորձում են համաձայնության գալ SDF-ը կենտրոնական կառավարության բանակին միացնելու շուրջ, որին քրդական ուժերը դիմադրում են՝ չցանկանալով կորցնել պատերազմի տարիներին ձեռք բերված ինքնավարությունը, նավթային ռեսուրսների և բանտերի նկատմամբ վերահսկողությունը։
Ինտեգրման գործընթացի ձախողումը մեծացնում է նոր բռնությունների և Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժման վտանգը։
Թեմա
Civilnet










