Ինձ պետք չէ միջազգային իրավունքը. Թրամփ

Ինձ պետք չէ միջազգային իրավունքը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում՝ ձևակերպելով իր իշխանության և արտաքին քաղաքականության վերաբերյալ աշխարհայացքը, որի առանցքում ուժն է, ոչ թե օրենքներն ու միջազգային պարտավորությունները։ Թրամփի խոսքով՝ իր գործողությունների միակ իրական սահմանափակումը սեփական «բարոյականությունն» է, իսկ միջազգային իրավունքը, պայմանագրերն ու բազմակողմ ինստիտուտները երկրորդական են, երբ խոսքը վերաբերում է ամերիկյան գերակայությանը։
Թրամփն ասել է, որ իրեն է վերապահում որոշելու՝ երբ և ինչպես են միջազգային նորմերը կիրառելի Միացյալ Նահանգների համար։ «Կախված է, թե ինչ ես հասկանում միջազգային իրավունքի տակ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ վերջնական գնահատականը միշտ իրենն է լինելու։ Այդ մոտեցումը, ըստ հարցազրույցի հեղինակների, Թրամփի ամենահստակ ու անթաքույց հայտարարությունն է այն մասին, որ աշխարհում բախումների ժամանակ վճռորոշ գործոնը ուժն է, ոչ թե կանոնները։
Թրամփը որպես սեփական քաղաքականության հաջողության օրինակներ նշել է Իրանի միջուկային ծրագրին հասցված հարվածը, Վենեսուելայում իրականացված ռազմական գործողությունը և Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունները։ Վերջինիս դեպքում նա չի թաքցրել, որ տարածքի «սեփականությունը» համարում է հոգեբանական ու ռազմավարական առավելություն՝ ավելի կարևոր, քան պայմանագրերը կամ դաշնակիցների հետ համաձայնությունները։ Նրա խոսքով՝ Գրենլանդիան պարզապես վարձակալելու կամ ռազմական ներկայություն ընդլայնելու փոխարեն պետք է դառնա ԱՄՆ-ի մաս։
ՆԱՏՕ-ի հարցում Թրամփը կրկնել է իր վաղեմի քննադատությունը եվրոպական դաշնակիցների հասցեին՝ պնդելով, որ միայն իր ճնշման արդյունքում են նրանք ավելացրել պաշտպանական ծախսերը։ Նա նսեմացրել է դաշինքի արժեքը՝ նշելով, որ առանց ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ն գործնականում անիմաստ է, և ընդգծել է, որ Ռուսաստանը իրականում վախենում է միայն Վաշինգտոնից։
Վենեսուելայում իրականացված գործողության վերաբերյալ Թրամփը հերքել է այն մտավախությունները, թե ԱՄՆ քայլերը կարող են նախադեպ դառնալ Չինաստանի կամ Ռուսաստանի համար՝ արդարացնելով, օրինակ, Թայվանի կամ Ուկրաինայի դեմ ուժի կիրառումը։ Նրա մեկնաբանությամբ՝ Վենեսուելան ներկայացնում էր «իրական սպառնալիք», մինչդեռ մյուս դեպքերը տարբեր են։
Թեմա
Civilnet










