Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է պատարագի, պատարագին մասնակցում է նաև Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որին երեկ՝ հունվարի 10-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսը ազատեց Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից:
Կանոնական դաշտ վերադառնալու մի քանի հորդորներից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատեց թեմի առաջնորդի պաշտոնից: Մայր Աթոռի հաղորդագրությունում նշված էր, որ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»:
Մայր Աթոռի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց․ «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասսյացոտնի թեմի առաջնորդ»,- գրել էր վարչապետը:
Մասսյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Civilnet











