Ադրբեջանից ներմուծումների ֆոնին Հայաստանում բենզինի շուկայական գինը նվազել է։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
«2025-ի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին։ Հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին։ Այժմ լիտրի դիմաց 510 դրամի փոխարեն հնարավոր է 430 դրամով պրեմիում տեսակի բենզին գնել։ Պրեմիում տեսակի բենզինի գինը նվազել է 15%-ով»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ երկու օր առաջ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք։ Վարչապետի խոսքով՝ դիզվառելիքի գինն արդեն արդեն այս ընթացքում նվազել է 2%-ով։
«Նաև ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով։ Եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Այս ամենը խաղաղության օրակարգի և խաղաղության արդյունքներն են և խաղաղության օգուտները»,- ասել է վարչապետը։
Վարչապետն անդրադարձել է վառելիքի առքուվաճառքի թեմայով Հայաստանից և Ադրբեջանից հնչող քննադատություններին։
«Այս ընթացքում Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ քննադատություն կա։ Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում և փողերը ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա։ Ադրբեջանում ասում են, որ բենզինը և դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերը և զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա։ Պետք է արձանագրել, որ երկու մտահոգությունն էլ տեղին չեն, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ և այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն։ Պետք է արձանագրել նաև, որ նման մտայնությունները Հայաստանում հրահրում, քաջալերում են այն ընկերությունները և շրջանակները, ովքեր նաև դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել, և նրանք հիմա պարզապես ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի և վերջնականապես վերանալու են։ Օգտվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և սա խաղաղություն է և մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք և խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունը անում է»,- ասել է վարչապետը։
Civilnet











