Ադրբեջանը չորս գերի է վերադարձրել

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան»,- գրել է վարչապետը։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի հարցը։ Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է հունվարի 14-ին հեռահար ասուլիսի ժամանակ։ Քննարկվել է նաև այս հարցով ԱՄՆ որոշակի միջնորդության և աջակցության հնարավոր քայլերը։
«Մենք քննարկել ենք և երկկողմ, և TRIPP-ից բխող համագործակցության հեռանկարները։ Քննարկել ենք նաև այն հնարավոր խոչնդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում ձևավորվող խաղաղության տենդենցներին։ Ադրբեջանում պահվող անձանց հարցն այդ հարցերից մեկն է», – ասել է Միրզոյանը։
***
Ադրբեջանը 2023-ի հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին:
Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։
2023-ի նոյեմբերին Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
***
Լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանը գերեվարվել է 2020-ի պատերազմից անմիջապես հետո։ 2021-ին Էօլճեքճեանին Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել նրան։
***
Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել էին 2020-ի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո։ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։ Սուջյանին ու Դավթյանին Ադրբեջանը մեղադրում է լրտեսության մեջ։ Նրանք դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։
Civilnet










