Մարտերի վարման լուռ առաջընթաց. Հնդկաստանը ավելացրել է Pinaka հրթիռների հեռահարությունը

Հնդկաստանի նոր Pinaka LRGR-120 հրթիռը մոտավորապես համադրելի է ամերիկյան HIMARS հրթիռային համակարգի հետ, սակայն ամբողջությամբ մշակվել է Հնդկաստանում և ունի ժամանակի ընթացքում կատարելագործվելու ներուժ. այս մասին գրում է ռազմական հարցերով մասնագիտացած ամերիկյան The National Interest հանդեսը՝ «Նոր Pinaka LRGR-120 հրթիռը․ հնդկական ռազմական դոկտրինի լուռ հեղափոխությունը» վերնագրով հոդվածում։ Հոդվածագիր Բրենդոն Վայքերթը (Brandon J. Weichert) պնդում է, որ Pinaka-ի բացառիկ հեռահարությունը այս համակարգը դասում է աշխարհում երկար հեռահար կառավարվող կրակի ամենաբարձր մակարդակին։ Հայաստանը Հնդկաստանից ներմուծած սպառազինության շարքում ունի նաև Pinaka՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների ու մշակումների կազմակերպությունը (Defense Research and Development Organization, DRDO) անցած տարվա վերջին հաջողությամբ փորձարկել է իր նոր Pinaka երկար հեռահարության կառավարվող հրթիռը (LRGR-120)։ Թեմայի մասին մի շարք հաղորդումների համաձայն՝ զենքը կատարելապես ճշգրիտ խոցել է թիրախներ մինչև 120 կմ հեռավորության շառավղում։
Սա ամբողջությամբ տեղական արտադրության համակարգ է, որը կբարձրացնի Հնդկաստանի բանակի ընդհանուր երկար հեռահարության հարվածային կարողությունները։ Կարևոր է նաև, որ այս հրթիռները կարող են արձակվել այն արձակման կայանքներից, որոնք Հնդկաստանն արդեն ունի, ինչի շնորհիվ նվազում են ընդհանուր ծախսերը։
Բարձր ճշգրտության հարվածային առաջընթաց
Նոր Pinaka LRGR-120-ը հիմնված է իներցիոն նավիգացիոն համակարգի (INS) վրա՝ միջանկյալ թարմացմամբ և վերջնափուլի ուղղորդմամբ, ինչը ապահովում է բարձր ճշգրտություն։ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (MBRL) կարող են արձակել մինչև ութ կառավարվող հրթիռից բաղկացած համազարկեր։ Այս զենքերը նախատեսված են հեռահար, բարձր ճշգրտության հարվածների համար՝ ուղղված հակառակորդի հրամանատարական կենտրոնների, հրետանու և լոգիստիկ հանգույցների դեմ։
Կան նաև համադրելի արտասահմանյան համակարգեր, այդ թվում՝ Թուրքիայի TRG-300 Tiger-ը, Ուկրաինայի Vikha-M-ը, Պակիստանի Fatah-I-ը և ԱՄՆ-ում արտադրված HIMARS/M270 համակարգերը՝ կառավարվող հրթիռներով։ Pinaka կառավարվող հրթիռների բացառիկ հեռահարությունն այս համակարգը դասում է աշխարհում երկար հեռահար կառավարվող կրակի ամենաբարձր մակարդակին։ Իրականում, ամբողջությամբ տեղական արտադրության այս համակարգը մրցակցում է նույնիսկ ամերիկյան HIMARS հարթակի հետ։
Ֆրանսիան հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանից Pinaka համակարգի հնարավոր գնման հարցում, ինչը վկայում է, որ հնդկական նոր սպառազինության նկատմամբ հետաքրքրությունն աճում է միջազգային շուկայում։ Ամերիկյան HIMARS համակարգը Pinaka-ից ունի ավելի մեծ հեռահարություն։ Սակայն DRDO-ի ստեղծած այս նոր զենքը, այնուամենայնիվ, զգալիորեն ուժեղացնում է Հնդկաստանի սեփական երկար հեռահարության կրակային կարողությունները և միաժամանակ ապահովում է, որ շահույթը մնա երկրի ներսում՝ ամբողջությամբ տեղական արտադրության շնորհիվ։
Հնդիկ մասնագետներն ակնարկել են՝ Pinaka-ն «սառեցված» համակարգ չէ։ Ժամանակի ընթացքում նախատեսվում է մշակել արդիականացված տարբերակներ, որոնց արդյունքում ներկայիս հեռահարությունները կերկարացվեն ապագա մոդելներում։ Ավելին, այս հարթակի վրա աշխատող DRDO-ի նախագծողների շրջանում նույնիսկ քննարկվել են 200–300 կմ հեռահարությամբ տարբերակներ։
Այսպիսով, Նյու Դելին նպատակ ունի այս զենքային համակարգը դարձնել հնարավորինս մրցունակ համաշխարհային հարթակում և առավելագույնս մահաբեր՝ հաշվի առնելով երկու հարևաններից՝ Չինաստանից և Պակիստանից եկող հնարավոր սպառնալիքները։
Ինչպես է ցանցային թիրախավորումը փոխակերպում հրթիռային հրետանին
Pinaka-ի նախորդ տարբերակները նախատեսված էին այսպես կոչված տարածքային հագեցման (area saturation) համար։ Ըստ էության, դրանք մշակված էին հակառակորդի զորքերի խոշոր խմբավորումների առաջխաղացումը կասեցնելու նպատակով և հիմնված էին կարճ հեռահար մարտավարության վրա և, ըստ էության, կարճ հեռահարության զենքեր էին։
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ճշգրտությունը դարձել է վճռորոշ, իսկ «հորիզոնից այն կողմ» ճշգրիտ մարտ վարելը՝ առանցքային նշանակություն ունեցող գործոն։ Սա Ուկրաինայի պատերազմից ստացված ամենակարևոր և ժամանակի ընթացքում հաստատված դասերից մեկն է, ինչպես նաև Հնդկաստանի սեփական վերջին փորձից՝ անցած մայիսին Պակիստանի հետ ունեցած հակամարտության ընթացքում։
Այսօր LRGR-120-ը կարող է բարձր ճշգրտությամբ խոցել թիրախներ՝ հակառակորդի թիկունքում, խորքային տարածքներում։ Արդյունքում, հնդկական ռազմական դոկտրինը տեղաշարժ է ապրել դեպի «խորքային կրակներ» (deep fires)․ հարձակումներ, որոնց նպատակը թիրախների ոչնչացումն է փոքրաթիվ, հաշվարկված համազարկով, այլ ոչ թե լայնածավալ կրակային տարափով, որը պարզապես հագեցնում է որոշակի տարածք
Ուշագրավ է, որ LRGR-120-ը գործում է որպես ցանցային մարտական համակարգի մաս։ Օրինակ՝ անօդաչու թռչող սարքերը իրական ժամանակում տրամադրում են թիրախավորման տվյալներ և իրականացնում գրեթե ակնթարթային հարվածի հետևանքների գնահատում (battle damage assessment)։ Այս տեղեկատվությունը անմիջապես ներառվում է LRGR-120-ի թիրախավորման շղթայի մեջ՝ ապահովելով ավելի մեծ ճշգրտություն երկար հեռավորությունների վրա։
Բացի այդ, մարտադաշտում գտնվող առաջապահ դիտորդներից և այլ ստորաբաժանումներից հավաքագրված տվյալները նույնպես փոխանցվում են LRGR-120-ի թիրախավորման համակարգին, ինչի արդյունքում ապահովվում է բառացիորեն կետային ճշգրտություն։
Այս զենքը երկարաժամկետ հեռանկարում հիմնովին կփոխի Հնդկաստանի բանակի մարտավարությունը։ Կարելի է կանխատեսել, որ այս համակարգը կկիրառվի թե՛ Պակիստանի, թե՛ Չինաստանի դեմ, եթե նրանք մոտ ապագայում փորձեն քայլեր ձեռնարկել Հնդկաստանի շահերի դեմ։
Թեմա
Civilnet










