Եվրոպան ունի Գրենլանդիան պաշտպանելու երեք տարբերակ. The Economist

Գրենլանդիայի շուրջ նոր լարվածության ֆոնին եվրոպական մայրաքաղաքներում աճող անհանգստությունը ավելի ու ավելի է վերածվում ռազմավարական հարցի։ The Economist-ի վերլուծության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու բաց կամ քողարկված ակնարկները Եվրոպային կանգնեցրել են բարդ ընտրության առաջ։ «Դոնալդ Թրամփին զսպելը կարող է շատ ավելի ցավոտ լինել, քան եվրոպացիները կցանկանային ընդունել»,- գրում է հանդեսը։
The Economist-ը մեջբերում է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոքե Ռասմուսենի խոսքը, որը հունվարի 14-ին ասել է, թե «դժվար է լուծումներ մտածել, երբ ամեն առավոտ արթնանում ես նոր սպառնալիքների պայմաններում»։ Այս գնահատականը հնչել է Վաշինգտոնում տեղի ունեցած լարված հանդիպումից հետո, որտեղ դանիական և գրենլանդական կողմերը քննարկումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
Հոդվածը հիշեցնում է, որ Թրամփը Գրենլանդիայի նկատմամբ իր հետաքրքրությունը վերակենդանացրել է 2026-ի հունվարի 3-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռացման գործողությունից հետո։ Նախքան հանդիպումը նա սոցիալական ցանցերում գրել էր, որ Գրենլանդիան պետք է լինի «Միացյալ Նահանգների ձեռքերում», հակառակ դեպքում կընկնի Ռուսաստանի կամ Չինաստանի ազդեցության տակ։ Ռասմուսենի խոսքով՝ կողմերը «համաձայնել են իրենց անհամաձայնության շուրջ», և Դանիան որևէ ազդակ չի տվել, թե պատրաստ է զիջել Գրենլանդիայի կարգավիճակի հարցում։
Չնայած անմիջական ճգնաժամի բացակայությանը, Թրամփի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի ինքնիշխանության հարցը կասկածի տակ դնելը լուրջ ահազանգ է դարձել Եվրոպայում։ Հոդվածում նշվում է, որ Թրամփի իրական նպատակները դժվար է մեկնաբանել՝ արդյոք նա ցանկանում է պառակտել գրենլանդացիներին և դանիացիների՞ն, գնե՞լ կղզին, թե՞ նույնիսկ ուժով վերցնել այն։ Այս անորոշության պայմաններում Եվրոպայի քաղաքական պատասխանատուները փորձում են ձևակերպել ռազմավարություն, որը The Economist-ը բաժանում է երեք ուղղության՝ թուլացնել, զսպել և շեղել։
Առաջին փուլում Եվրոպայի նպատակը Թրամփի հնչեցրած անվտանգության մտահոգությունները «թուլացնելն» է՝ ցույց տալով, որ դրանք հնարավոր է լուծել գործող իրավական շրջանակներում։ Ռասմուսենը հայտարարել է Արկտիկայի անվտանգության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծման մասին, իսկ ՆԱՏՕ-ի շրջանակում Մեծ Բրիտանիան և Գերմանիան առաջարկել են «Արկտիկական պահակ» ծովային դիտարկման առաքելություն։ Այս նախաձեռնություններն ուղեկցվում են Թրամփին ուղղված զգուշավոր հաճոյախոսություններով, քանի որ, ինչպես նշում է Ռասմուսենը, «նրա ասածներում միշտ մի փոքր ճշմարտություն կա»։
The Economist-ը շեշտում է, սակայն, որ դա չի վերաբերում Գրենլանդիային։ 1951-ին Դանիայի հետ ստորագրված համաձայնագրով ԱՄՆ-ն արդեն իրավունք ունի կղզում տեղակայել այնքան զորք, որքան անհրաժեշտ կհամարի։ Սառը պատերազմի ավարտից հետո ամերիկյան ներկայությունը կրճատվել է՝ հասնելով մոտ 200 զինծառայողի՝ մեկ ռազմաբազայում, որը ծառայում է տիեզերական դիտարկման և վաղ նախազգուշացման նպատակներին։ Բացի այդ, Գրենլանդիան ՆԱՏՕ-ի անվտանգության հովանու ներքո է։
Հոդվածում կասկածի տակ են դրվում նաև Թրամփի ավելի լայն անվտանգության պնդումները։ Արկտիկայի հարցերով մասնագետ Անդրեաս Օստհագենը նշում է, որ «Գրենլանդիայի ջրերում ՆԱՏՕ-ի առաքելության իրական անվտանգության հիմնավորում չկա»։ Նրա խոսքով՝ չկան բավարար ապացույցներ այն պնդման համար, թե կղզու շրջակայքը «լեցուն է ռուսական և չինական նավերով», մինչդեռ Դանիան մեծապես կարողացել է կանխել Չինաստանի ներդրումային հետաքրքրությունը Գրենլանդիայում։ Ինչ վերաբերում է հազվագյուտ մետաղական հանածոներին, որոնցով հետաքրքրված է Թրամփը, ապա դրանց արդյունահանումը չափազանց թանկ է, և ամերիկյան ընկերությունները կարող են հանքային արտոնագրեր ստանալ առանց ինքնիշխանության փոփոխության, պարզապես հետաքրքրություն չեն ցուցաբերում։
Չնայած այս փաստարկներին՝ Թրամփը մնում է անդրդվելի։ The Economist-ը գրում է, որ արժե նրան բառացիորեն ընդունել, երբ նա ասում է, թե «սեփականությունը շատ կարևոր է»։ Ամերիկացի նախկին մի դիվանագետի խոսքով՝ Գրենլանդիան Թրամփի համար «ժառանգության նկատմամբ մոլուցքի» մաս է։ Այստեղից էլ բխում է երկրորդ տարբերակը՝ զսպումը։
Եվրոպայում հնչում են կոշտ հայտարարություններ՝ ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրերի որոշ մասերի կասեցման, տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ ճնշումների, ամերիկյան ռազմաբազաների փակման մասին։ Սակայն, ինչպես նշում է Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհրդի հետազոտական տնօրեն Ջերեմի Շապիրոն, նման քայլերի համար մեծամասնություն գտնելը դժվար է, իսկ դրանց մեծ մասը ավելի շուտ վրեժխնդրություն է, քան զսպում։ Նրա կարծիքով՝ ավելի արդյունավետ կլիներ այնպիսի քայլեր, որոնք կփոխեն Սպիտակ տան որոշումների հաշվարկը՝ եվրոպական զորքերի հերթափոխային ներկայություն Գրենլանդիայում, ամերիկյան ընկերությունների դեմ նախապես հայտարարված պատժամիջոցներ, եթե դրանք շահագործեն կղզու ռեսուրսները առանց տեղացիների համաձայնության, և հանրապետական շրջանակների հետ ակտիվ լոբբինգ։
Հոդվածում նշվում է, որ Վաշինգտոնում հանդիպման մեկնարկին Դանիան արդեն հայտարարել էր Գրենլանդիայում իր ռազմածովային, օդային և ցամաքային ներկայության ընդլայնման մասին, իսկ Ֆրանսիան, Գերմանիան և Շվեդիան պատրաստակամություն էին հայտնել աջակցել։ Խորհրդանշական քայլերն ակնհայտ են, սակայն հարցն այն է, թե արդյոք Եվրոպան պատրաստ է հետագա սրացման։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 14-ին զգուշացրել է «աննախադեպ հետևանքների շղթայի» մասին, իսկ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Գրենլանդիայի վրա հարձակումը կկործանի ՆԱՏՕ-ն։ Գերմանացի քաղաքական գործիչ Ռոբերտ Հաբեկի խոսքով՝ նման քայլը կարող է քաջալերել Ռուսաստանին՝ ճնշում գործադրելու սկանդինավյան երկրների վրա։
Կան նաև նրանք, ովքեր կարծում են, որ սրացումը կարող է Թրամփի գործողությունները ավելի հավանական դարձնել։ Ուկրաինայի հարցը ևս մտահոգիչ է, քանի որ Սպիտակ տանը հակադրվելը կարող է վտանգել Եվրոպային անվտանգության երաշխիքների տրամադրման ամերիկյան առաջարկները։ Այդ իսկ պատճառով եվրոպացի շատ քաղաքական գործիչներ դեռ նախընտրում են զուսպ դիրքորոշում։ Գերմանիայի իշխող քրիստոնեա-դեմոկրատների ներկայացուցիչ Յուրգեն Հարդտը վստահեցնում է, որ «խնդիրները հնարավոր է լուծել՝ Գրենլանդիան պահելով Դանիայի կազմում գործող պայմանագրերի շրջանակում»։
Եթե դա էլ չաշխատի, նշում է The Economist-ը, Թրամփը պարզապես կշեղվի։ Գրենլանդիայի նկատմամբ քողարկված վերահսկողություն հաստատելը պահանջում է երկարաժամկետ պլանավորում և հետևողականություն, ինչը, ինչպես նշում է հանդեսը, նախագահի ուժեղ կողմերից չէ։ Թեև ռազմական գործողությունը տեխնիկապես ավելի հեշտ կլիներ, այն կստիպեր փորձության ենթարկել ԱՄՆ զինված ուժերի, կառավարության և Կոնգրեսի հավատարմությունը։ Ըստ հարցումների՝ ամերիկացի ընտրողների ընդամենը 4 տոկոսն է աջակցում ուժի կիրառմանը Գրենլանդիան ձեռք բերելու համար։
Հոդվածը եզրափակվում է այն ենթադրությամբ, որ Վենեսուելայից ստացված «քաղցր հաղթանակից» հետո Թրամփը կարող է նոր թիրախ փնտրել։ Հնարավոր է նաև, որ Գրենլանդիայի շուրջ բարձրացված աղմուկը պարզապես ճնշման միջոց է Դանիայի վրա՝ անվտանգության կամ հանքարդյունաբերական գործարք կորզելու նպատակով։ Առայժմ, ինչպես նշում է The Economist-ը, հենց դա է Եվրոպայի հույսը։
Թեմա
Civilnet










