Բոլոր մեդիաների զավթումը AI-ի կողմից ժամանակի հարց է. անդրադարձ Project Syndicate կայքում

Արհեստական բանականության (AI) զարգացման արդյունքում այսօր արդեն փաստի և կեղծիքի միջև սահմանը սկսում է ջնջվել, իսկ առաջիկայում այն կարող է դառնալ լիովին անտեսանելի. այսպիսի կարծիք է հայտնում տեխնոլոգիաների ոլորտի ներդրող և դոկումենտալիստ Չառլզ Ֆերգյուսոնը Project Syndicate կայքում հրապարակած հոդվածում (The AI Takeover of All Media Is Coming):
Ֆերգյուսոնի խոսքով՝ եթե գեղարվեստական ստեղծագործության մեջ AI-ը կարող է նոր հնարավորություններ բացել, ապա ճշմարտության և իրականության ոլորտում վտանգներն անհամեմատ ավելի մեծ են։
Նա նշում է, որ լրագրությունն արդեն իսկ լուրջ նահանջ է ապրել ինտերնետի դարաշրջանում․ օրաթերթերը, շաբաթաթերթերը, ռադիոն և հեռուստատեսությունը հայտնվել են նույն մրցակցային դաշտում, կորցրել դասակարգված գովազդից եկող եկամուտները, իսկ շուկան լցվել է հազարավոր ցածրորակ աղբյուրներով։ Արդյունքում «աղբն ու կեղծիքները բազմապատկվել են, իսկ հասարակության կողմից սպառվող տեղեկատվության որակը՝ կտրուկ անկում ապրել»։
Նա ընդգծում է, որ չնայած այս ամենին, անգլալեզու որոշ հեղինակավոր լրատվամիջոցներ՝ The New York Times, Financial Times, The Guardian, Reuters, AP և մի քանիսը, կարողացել են գոյատևել և նույնիսկ ընդլայնել իրենց լսարանը։ Սակայն դրանք, ըստ Ֆերգյուսոնի, հասանելի են հանրության միայն փոքր հատվածին և ֆինանսապես մնում են խոցելի։
Արհեստական բանականությունը, հեղինակի համոզմամբ, սպառնում է այս վերջին որակյալ լրատվամիջոցներին և ավելի խորքային խնդիր է առաջ բերում՝ ճշմարիտ տեղեկատվություն ստանալու հանրության կարողությունը։ Նա գրում է, որ այսօր արդեն փաստի և կեղծիքի միջև սահմանը սկսում է ջնջվել, իսկ առաջիկայում այն կարող է դառնալ լիովին անտեսանելի։
Առանձնահատուկ վտանգ է ներկայացնում deepfake տեխնոլոգիան։ Եթե նախկինում գոնե պարզ էր, որ լսում ես իրական Ալեքս Ջոնսին, ապա շուտով հնարավոր կլինի «ստեղծել գրեթե անբացահայտելի կեղծ տարբերակներ գրեթե ցանկացած մարդու և ցանկացած իրադարձության»։
Միևնույն ժամանակ Ֆերգյուսոնն ընդունում է, որ AI-ն արդեն իսկ բարելավել է տեղեկատվության հասանելիությունը նրանց համար, ովքեր պատրաստ են փնտրել և համադրել աղբյուրները։ Նա նշում է, որ խոշոր մոդելները պայմանագրեր են կնքել որոշ հեղինակավոր լրատվամիջոցների հետ․ օրինակ՝ Financial Times-ը՝ OpenAI-ի, New York Times-ը՝ Amazon-ի, իսկ AP-ն՝ OpenAI-ի և Google-ի հետ։ Ինքը՝ հեղինակը, խոստովանում է, որ հոդվածը գրելիս բազմիցս օգտագործել է AI-գործիքներ՝ երբեմն ավելի հաճախ, քան ավանդական մեդիան։
Սակայն հիմնական հակասությունը, ըստ նրա, մնում է անլուծելի․ «Արհեստական բանականությունը չի ստեղծում գիտելիք։ Այն միայն հավաքում և բաշխում է այն՝ լիովին կախված լինելով ուրիշների ստեղծած տեղեկատվությունից»։
Այդ «ուրիշները» հենց լրատվամիջոցներն են՝ խմբագիրներով, լրիվ դրույքով լրագրողներով, փաստերի ստուգմամբ զբաղվող թիմերով և տեղում աշխատող աղբյուրներով։ AI-ը, ինչպես ընդգծում է հեղինակը, չի վարձում հետաքննող լրագրողներ կամ ռազմական թղթակիցներ։
Այնուամենայնիվ, AI-ը սպառնում է մեդիային երկու հիմնական ուղղությամբ։ Առաջինը՝ ուղղակի մրցակցությունն է․ այսօր օգտատերը կարող է պարզապես հարց ուղղել մոդելին՝ առանց թերթ կամ կայք բացելու, ստանալ կոնկրետ և անհատականացված պատասխան՝ շատ ավելի ցածր գնով։ Երկրորդը՝ տեղեկատվական միջավայրի աղտոտումն է, երբ AI-ով գեներացված զանգվածային «աղբը» կարող է խեղդել վստահելի աղբյուրները։
Ֆերգյուսոնը խիստ քննադատում է նաև հենց մեդիաարդյունաբերությանը՝ նշելով, որ այն գրեթե ոչինչ չի անում այս սպառնալիքներին դիմակայելու համար։ Նրա խոսքով՝ հեղինակավոր թերթերն անգամ չունեն արդյունավետ որոնում կամ հարցուպատասխանային միջերես իրենց իսկ բովանդակության համար, մինչդեռ AI-ը դա անում է անհամեմատ լավ։
Ֆերգյուսոնը մեդիայի ֆինանսական կարողությունները համեմատում է տեխնոլոգիական հսկաների հետ և արձանագրում, որ ուժերի հարաբերակցությունն ակնհայտորեն անհավասար է։ Նրա հարցադրումը հռետորական է, բայց մռայլ՝
եթե այս պայքարը շարունակվի նույն կերպ, ապա «աշխարհի ուշադրության համար մղվող պայքարում» դժվար է պատկերացնել, որ ավանդական լրատվամիջոցները կարող են հաղթել։
Civilnet










