Աշխարհը հարմարվում է անվստահելի Միացյալ Նահանգներին. Ֆարիդ Զաքարիա

Միջազգային հարաբերությունների ամերիկացի հայտնի մեկնաբան Ֆարիդ Զաքարիան The Washington Post-ում հրապարակած իր սյունակում պնդում է, որ աշխարհը աստիճանաբար հարմարվում է Միացյալ Նահանգների նոր իրողությանը՝ որպես ավելի անկանխատեսելի և գործարքային գործընկեր։ Նրա հիմնական թեզն այն է, որ Վաշինգտոնը տարիների ընթացքում կուտակած վստահությունը «ծախսում է կարճաժամկետ օգուտների համար», ինչի հետևանքով նույնիսկ ամենամոտ դաշնակիցները սկսում են վերանայել իրենց ռազմավարական կախվածությունը ԱՄՆ-ից։
Զաքարիան սկսում է Եվրոպայից, որը երկար ժամանակ ներկայացվում էր որպես դանդաղ, մասնատված և ռազմավարական մտածողությունից զուրկ։ Սակայն վերջին տարվա ընթացքում, նրա խոսքով, Եվրոպան գործել է «լուռ խորամանկությամբ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում, երբ Վաշինգտոնը վերջին գրեթե մեկ դարի ընթացքում սահմանեց ամենաբարձր մաքսատուրքերը, շատերը սպասում էին եվրոպական կոշտ հակազդեցության։ Բայց Բրյուսելը չգնաց այդ ճանապարհով։ «Եվրոպան դիմացավ գայթակղությանը, կլանեց ճնշումը, խուսափեց էսկալացիայից և ժամանակ շահեց»,- գրում է նա՝ ընդգծելով, որ այդ զսպվածությունը կանխեց գլոբալ անկման շղթայական ռիսկերը։
Ժամանակ շահելով՝ Եվրոպան անցավ գործի։ 2026-ի հունվարին ԵՄ երկրները հաստատեցին լայնածավալ առևտրային համաձայնագիր Բրազիլիայի, Արգենտինայի, Պարագվայի և Ուրուգվայի հետ՝ 25 տարի ձգձգված բանակցություններից հետո։ Եթե այն վավերացվի, կստեղծվի աշխարհի խոշորագույն ազատ առևտրի գոտիներից մեկը՝ ավելի քան 700 միլիոն բնակչությամբ։ Զաքարիան ընդգծում է, որ սա մեկուսի քայլ չէ․ ԵՄ-ն միաժամանակ կարգավորում է առևտրային տարաձայնությունները Չինաստանի հետ, ակտիվացնում կապերը Հարավարևելյան Ասիայի հետ և նպատակասլաց բազմազանեցնում իր տնտեսական ուղղությունները։
Այս նույն տրամաբանությունը, ըստ հեղինակի, տարածվում է նաև Եվրոպայից դուրս։ Կանադան երկար տարիներ իր ապագան կապել էր ԱՄՆ-ի հետ՝ տնտեսական, դիվանագիտական և քաղաքական խոր ինտեգրման միջոցով։ 2024-ին կանադական ապրանքների ավելի քան 75 տոկոսը արտահանվում էր հարավ։ Սակայն Թրամփի մաքսատուրքերը, առևտրային համաձայնագրերը վերանայելու սպառնալիքները և նույնիսկ Կանադայի «միացման» մասին հայտարարությունները Օտտավային ստիպել են կտրուկ վերանայել այդ ուղեգիծը։ Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը Պեկինում բաց ասել է․ «Մեզ անհրաժեշտ է բազմազանեցնել մեր առևտրային գործընկերությունը և առաջիկա տասը տարում ոչ-ամերիկյան առևտուրը ավելացնել առնվազն 50 տոկոսով»։
Զաքարիան նշում է, որ գլոբալ առևտրի տվյալները նույնպես վկայում են այս տեղաշարժի մասին։ Չինաստանի արտահանումը դեպի ԱՄՆ նվազել է, սակայն ընդհանուր արտահանումը շարունակում է աճել, իսկ առևտրային հավելուրդը 2025-ին հասել է գրեթե 1,2 տրիլիոն դոլարի։ Նրա ձևակերպմամբ՝ աշխարհը ոչ թե անտեսում է Չինաստանից եկող ռիսկերը, այլև ապահովագրվում է Վաշինգտոնի հարաճուն անկանխատեսելիությունից։
Հասարակական կարծիքն էլ է արձագանքում այս փոփոխությանը։ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (European Council on Foreign Relations) նոր հարցման համաձայն՝ Հնդկաստանում, Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում ամերիկյան բլոկին միանալու ցանկությունն ընդամենը երկու տարվա ընթացքում նվազել է 15–19 տոկոսային կետով։ Եվրոպայում էլ միայն 16 տոկոսն է այսօր ԱՄՆ-ին դիտարկում որպես դաշնակից։ Սինգապուրի նախկին արտգործնախարար Ջորջ Յեոյի խոսքով՝ Թրամփը «արագ առաջ է մղում ապագան՝ դեպի բազմաբևեռ աշխարհակարգ»։
Զաքարիան շեշտում է, որ խնդիրը ոչ թե Ամերիկայի համբավն է, այլ նրա իրական հզորությունը։ Չինաստանը համակարգված կերպով դիմացկուն տնտեսական էկոհամակարգ է կառուցում, մինչդեռ Ամերիկան, ըստ հեղինակի, «մսխում է իր ամենամեծ առավելությունը»՝ դաշնակիցների ցանցը։ «Մաքսատուրքերի միջոցով դաշնակիցներին որպես գործարքային հաճախորդներ վերաբերվելը նրանց մղում է ապահովագրվելու»,- գրում է նա՝ եզրափակելով, որ աշխարհը այլևս չի կառուցվում ամերիկյան հարթակի վրա, այլ կառուցվում է դրա շուրջը։
Թեմա
Civilnet










