Գլխավոր Լրահոս

Մոլդովայի միացումը Ռումինիային քիչ հավանական է. Stratfor

Մոլդովայի միացումը Ռումինիային քիչ հավանական է. Stratfor

Չնայած Ռումինիայի հետ միավորվելու ցանկության մասին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հրապարակային հայտարարությանը, միավորումը մոտակա տարիներին քիչ հավանական է, գրում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը։

Վերլուծաբանները նշում են, որ միաժամանակ մի քանի գործոն՝ սահմանափակ հանրային աջակցությունը, տնտեսական ու անվտանգային ռիսկերը, ինչպես նաև ԵՄ ինտեգրման ընթացքը, այդ սցենարը դարձնում են գրեթե անիրագործելի։

Հունվարի 12-ին Սանդուն հայտարարել էր, որ եթե հանրաքվե լիներ, ինքը կքվեարկեր Ռումինիային միանալու օգտին՝ ընդգծելով, որ այդ քայլը «կուժեղացներ Մոլդովայի ժողովրդավարական դիմակայունությունը և կպաշտպաներ երկրի ինքնիշխանությունը ռուսական հիբրիդային ճնշումներից»։ Սակայն նա միաժամանակ հստակեցրել էր, որ ներկայում որևէ ակտիվ ծրագիր չկա միավորման ուղղությամբ, քանի որ հանրային աջակցությունը բավարար չէ հանրաքվե անցկացնելու համար, իսկ կառավարության հիմնական ռազմավարական ուղին մնում է ԵՄ անդամակցությունը։

Տե՛ս նաև՝ Վրաստանը դատապարտում է Մոլդովա-Ռումինիա միավորման հնարավորության մասին հայտարարությունը

Stratfor–ը հիշեցնում է, որ Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ ներկայացրել է 2022-ին, և Քիշնևը այդ գործընթացը դիտարկում է որպես երկրի տնտեսական զարգացման, անվտանգության երաշխիքների և ինստիտուցիոնալ արդիականացման հիմնական ուղի։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ հենց այս ուղղությունն է քաղաքական օրակարգում գերակա, իսկ միավորումը Ռումինիայի հետ ներկայում ավելի շատ քննարկման խորհրդանշական թեմա է։

Հանրային կարծիքը ևս լուրջ սահմանափակում է ենթադրում։ Հարցումները ցույց են տալիս, որ Մոլդովայում բնակչության մոտ մեկ երրորդն է աջակցում միավորման գաղափարին, մինչդեռ մեծամասնությունը նախապատվությունը տալիս է ԵՄ անդամակցությանը որպես բարեկեցության և անվտանգության գործիք։ Ռումինիայում, թեև ընդհանուր առմամբ վերաբերմունքը դրական է, առկա են մտահոգություններ՝ կապված Մոլդովայի ավելի փոքր տնտեսության ինտեգրման ծախքերի և Մերձդնեստրի չլուծված հակամարտության «ժառանգման» ռիսկի հետ։

Վերլուծության մեջ հատուկ ընդգծվում է անվտանգային գործոնը։ Մոլդովայի և Ռումինիայի միավորումը կտեղափոխեր ԵՄ և ՆԱՏՕ սահմանները դեպի արևելք՝ կտրուկ նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը, սակայն միաժամանակ կստեղծեր լուրջ լարվածություն Արևմուտք–Ռուսաստան հարաբերություններում։ Stratfor–ի գնահատմամբ՝ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կփորձեր օգտագործել Մերձդնեստրը՝ քաղաքական, տնտեսական և հիբրիդային միջոցներով խաթարելու միավորման գործընթացը, ինչը կարող է նույնիսկ ծայրահեղ սցենարում հանգեցնել ուղիղ բախման։

Տնտեսական տեսանկյունից ևս բեռը զգալի կլիներ։ Ռումինիան ստիպված կլիներ ստանձնել մի երկրի ֆինանսական և վարչական ինտեգրումը, որի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մոտ երեք անգամ ցածր է։ Ըստ ԱՄՀ տվյալների՝ Մոլդովայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մոտ 9,000 դոլար է, մինչդեռ Ռումինիայում՝ ավելի քան 23,000։ Սա ենթադրում է զգալի ֆիսկալ փոխանցումներ, ենթակառուցվածքային ներդրումներ և սոցիալական ծախսերի աճ։

Stratfor-ի եզրահանգմամբ՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում առավել հավանական սցենարը անկախ Մոլդովայի ԵՄ ինտեգրման շարունակությունն է, իսկ Ռումինիայի հետ միավորումը կմնա քաղաքական դիսկուրսի խորհրդանշական տարր։ Վերլուծաբանները նշում են նաև, որ եթե 2030-ականների սկզբին ԵՄ անդամակցությունը ձախողվի կամ լրջորեն կանգ առնի՝ Ռուսաստանի շարունակվող ճնշումների ֆոնին, միավորման գաղափարը կարող է կրկին վերադառնալ օրակարգ՝ որպես այլընտրանքային ճանապարհ դեպի քաղաքական կայունություն և եվրոպական ուղղություն։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում