Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով 21 մարդ է զոհվել

Իսպանիայի հարավում հունվարի 18-ին արագընթաց գնացքը գծերից դուրս է եկել և բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի, որի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը, գրում է Reuters-ը։
Վթարը տեղի է ունեցել Կորդոբա նահանգի Ադամուզ քաղաքի մոտակայքում, մայրաքաղաք Մադրիդից մոտ 360 կմ (223 մղոն) հարավ։
Անդալուսիայի տարածաշրջանային կառավարության ղեկավար Խուանմա Մորենոն հունվարի 19-ին լրագրողներին հայտնել է, որ հոսպիտալացված 75 մարդկանցից 15-ը գտնվում է ծանր վիճակում։
Նա ասել է, որ զոհերի թիվը կարող է աճել։
«Վթարը շատ ուժեղ է եղել... մենք, հավանաբար, կգտնենք (ավելի) դիակներ», - ասել է Մորենոն՝ հավելելով, որ ծանր տեխնիկա կպահանջվի գնացքների կոտրված մետաղական կտորները հեռացնելու և զոհերին դուրս բերելու համար։
Երկու գնացքներում մոտ 400 ուղևոր է եղել, որոնց մեծ մասը իսպանացիներ էին, որոնք հանգստյան օրերից հետո վերադառնում էին Մադրիդ։ Պարզ չէ, թե քանի զբոսաշրջիկ կարող էր լինել գնացքում։
Երկրորդ գնացքը, որն ուղևորվում էր դեպի Ուելվա, բախման պահին ընթանում էր մոտ 200 կմ/ժ արագությամբ (124 մղոն/ժամ), հաղորդում է El Pais-ը։
Պարզ չէ, թե որքան արագ էր ընթանում առաջին գնացքը ռելսերից դուրս գալու պահին։
Թեմա
Civilnet










