Հույս ունենք՝ շուտափույթ կիրականացվի Թուրքիայի հետ 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացել սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ ԱԺ-ում հունվարի 19-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Այս համատեքստում անդրադառնալով սահմանի հնարավոր բացման ժամկետներին՝ Ռուբինյանը նշեց, որ մանրամասներ չի կարող հայտնել, փոխարենն ակնարկեց, որ այժմ Թուրքիան վերականգնում է Հայաստանի հետ սահմանի «Ալիջանի» անցակետը։
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է ինչ-որ բան լինի, հետո հայտարարենք այդ մասին»,- ասաց Ռուբինյանը։
ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ հայկական կողմի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ լինեն ամբողջապես բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ՝ հենց վաղը:
Օրեր առաջ թուրքական պետական մամուլը գրել էր, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90 տոկոսով ավարտված են։
Հաղորդվում է, որ Ալիջան սահմանային անցակետում մաքսային և այլ ընթացակարգերի համար շենքեր են կառուցվում։ Սահման տանող ճանապարհին տեղադրվել են գովազդային վահանակներ և պաստառներ՝ Հայաստանից ժամանողներին Իգդիրն ու տարածաշրջանը ներկայացնելու համար։
Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը միակողմանի փակվել է Անկարայի կողմից 1993-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ 2021-ից սկսած՝ երկու երկրները վերսկսել են դիվանագիտական շփումները հատուկ ներկայացուցիչների, ԱԳ նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով։
Ալիջան-Մարգարա կամուրջը կարճ ժամանակով բացվել է 2023-ի փետրվարին, երբ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարական ջոկատներ ուղարկեց Թուրքիա։
Չնայած երկու կողմերն էլ հայտարարել են սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու պայմանավորվածության մասին, հստակ ժամկետներ դեռևս չեն հրապարակվել։ Երևանն ավելի վաղ հայտնել էր, որ սահմանի հայկական կողմում գտնվող «Մարգարա» անցակետն արդեն լիովին պատրաստ է շահագործման։
Հունվարի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։
2025-ի դեկտեմբերին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ hաջորդ տարվա սկզբից (2026-ի սկզբից) մի քանի խորհրդանշական քայլ կձեռնարկեն։
***
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պետական գաղտնիք է համարել «Ախուրիկ» սահմանային անցակետում ռուս սահմանապահների հնարավոր հեռացման և հայկական կողմին հանձնման վերաբերյալ տեղեկությունները՝ մերժելով պատասխաններ տրամադրել ՍիվիլՆեթին։ ԱԱԾ-ից հայտնել են, որ հայցվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման։
Civilnet











