Գլխավոր Լրահոս

Չինաստանում ճնշումներ են իրականացվում քրիստոնյաների նկատմամբ

Չինաստանում ճնշումներ են իրականացվում քրիստոնյաների նկատմամբ

Մինչ աշխարհը 2026-ը դիմավորում է լավ կյանքի հույսերով, Չինաստանի քրիստոնյաները նոր տարին սկսել են մռայլ ու ցավալի իրադարձություններով, գրում է ceylonwirenews.lk կայքը։ 

Չենդու քաղաքում բերման ենթարկվեցին բողոքական եկեղեցու մի քանի հայտնի առաջնորդներ, իսկ Վենչժոուում չինական իշխանությունները քանդեցին Յայան եկեղեցու շենքը։ Այն պահից, երբ Սի Ծինփինը ստանձնեց իշխանության ղեկը, ճնշումների քաղաքականությունը, ինչպես նշվում է, ուղեկցվել է հոգևոր հովիվների նկատմամբ հալածանքներով, զանգվածային հավաքների արգելքով, ինչպես նաև քրիստոնեական խորհրդանիշների հեռացմամբ ու եկեղեցական շենքերի ոչնչացմամբ։

«Չինաստանի կառավարությունը նոր տարին սկսել է ընդհատակյա բողոքական եկեղեցու անդամների նոր ձերբակալություններով։ Կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր բերման ենթարկվածներին և թույլ տա նրանց ազատորեն դավանել իրենց հավատը»։ ԱՄՆ-ում գործող կրոնական իրավունքների պաշտպանության ChinaAid կազմակերպությունը չինական գործողությունները որակել է որպես «Չինաստանի կոմունիստական կուսակցության անկախ քրիստոնեական հավատը վերացնելու արշավի հերթական լուրջ սրացում»,- նշել է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Յալքուն Ուլույոլը՝ Չենդուում իրականացված ձերբակալությունների կապակցությամբ։ 

Ընդամենը երկու շաբաթ առաջ ևս մեկ բողոքական եկեղեցի էր ենթարկվել խուզարկության, որի ընթացքում ձերբակալվել էր շուրջ 100 հավատացյալ։ Ավելի քան հազար ոստիկան  ներխուժել էր Յայան ավան և իրականացրել տարերային ձերբակալություններ։ Քրիստոնեական խմբերը խստորեն քննադատել են Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) կառավարության քաղաքականությունը՝ ուղղված այն եկեղեցիների փակմանը, որոնց գործունեությունը չի տեղավորվում իշխող գաղափարախոսության շրջանակում։ «Սի Ծինփինի կառավարությունը խստացրել է գաղափարական վերահսկողությունը և խորացրել անհանդուրժողականությունը ՉԿԿ-ից բաից այլ կառույցների նկատմամբ հավատարմության դրսևորումների հարցում»,- ասել է Ուլույոլը։

Ուշագրավ է, որ Չենդուի եկեղեցին չինական ոստիկանության կողմից խուզարկության էր ենթարկվել նաև 2018-ին, երբ դրա հիմնադիրը ձերբակալվել էր և հետագայում դատապարտվել ազատազրկման։ Մի քանի ամիս առաջ Սիոն եկեղեցու հովիվ Գաո Ինձիան գիշերվա կեսին ձերբակալվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից և տեղափոխվել Գուանսի նահանգի մեկուսարան։ Հետագայում նրան մեղադրանք էր առաջադրվել «տեղեկատվական ցանցերի անօրինական օգտագործման» հոդվածով՝ Սիոն եկեղեցու չգրանցված խմբին անդամակցելու համար։ Այդ ընթացքում ձերբակալվել էին նաև Սիոն եկեղեցու մի շարք այլ հովիվներ և անդամներ։

Ձերբակալությունից վախենալով և մտահոգվելով իր երեխայի անվտանգության համար՝ ձերբակալված հովիվ Գաո Ինձիայի կինը՝ Չենգ Փենգփենգը, փախել է Թաիլանդ։ «Մենք երկուսս էլ գիտեինք, որ Չինաստանում քրիստոնյա լինելը ռիսկեր է պարունակում։ Բայց, անկեղծ ասած, լիովին պատրաստ լինել երբեք հնարավոր չէ»,- ասել է Գենգը։ «Ինձ ասում եմ, որ հին օրերն այլևս երբեք չեն վերադառնա… հոգուս խորքում խոր արմատախիլության զգացում է ծնվում, կարծես կորցրել եմ այն տունը, որ ամուսինս էր ինձ տվել»։ 2019-ին հետապնդումներից վախենալով՝ Չինաստանից 60 քրիստոնյա էր փախել։ «Եթե մնայինք, որևէ հնարավորություն չէինք ունենա»,- ասել է հովիվ Պան Յոնգուանը։

Հետաքրքիր է, որ Պեկինը դեռ երկու տասնամյակ առաջ ընդունել էր «Կրոնական հարցերի մասին կանոնակարգերը», որոնք պարտադրում էին կրոնական խմբերի գրանցում՝ միաժամանակ խոստանալով պաշտպանել Չինաստանի քաղաքացիների կրոնական ազատությունները։ Սակայն կանոնակարգերի միտումնավոր անորոշ ձևակերպումները թույլ են տվել ոստիկանությանը ճնշել այն կրոնական գործունեությունը, որը դուրս է համարվել պետության կողմից վերահսկվող համակարգի շրջանակներից։ Սիի օրոք իրականացվող «չինականացման» արշավի ընթացքում քանդվել են բազմաթիվ եկեղեցիներ կամ հանվել դրանց խաչերը, սահմանափակվել է Աստվածաշնչի պահպանումը, արգելվել կամ բռնագրավվել պետականորեն չարտոնված կրոնական նյութերն ու ռեսուրսները։

ChinaAid-ի հիմնադիր Բոբ Ֆուն հայտարարել է, որ Չինաստաի կառավարությունը փորձում է կրճատել եկեղեցիների թիվը՝ քրիստոնյաներին ստիպելով հրաժարվել իրենց հավատից, եթե նրանք չեն ցանկանում կորցնել պետական սոցիալական ծրագրերով նախատեսված արտոնությունները, 

 Փորձագետների խոսքով՝ ՉԿԿ-ն անհանգստացած է քրիստոնեության քաղաքական ներուժով՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժի և դրա համամարդկային իրավունքների ու արժեքների հավակնության պատճառով։ Լոնդոնի իրավունքի պրոֆեսոր Էվա Պիլսը, նշել է, որ այդ նոր մոտեցումները վերածվել են քրիստոնյաների դեմ տարբեր միջոցների, որոնք իրենց էությամբ խստացված հալածանք են կրոնական խմբերի նկատմամբ. «Սի Ծինփինի արձագանքը շատ ավելի հանդուգն է և որոշ առումներով վերադարձ է Մաոյի ժամանակների՝ մարդկանց սրտերն ու մտքերը վերահսկելու փորձերին»։

Վերջին տարիներին Չինաստանում քրիստոնյաների թվաքանակը կանգ է առել՝ Սիի վարչակազմի օրոք սահմանափակումների և կրոնական ճնշումների աճի հետևանքով, նշում է Pew Research Centre-ը։ ՄԱԿ-ին բազմիցս կոչ է արվել ուշադրություն դարձնել ՉԿԿ-ի՝ քրիստոնեության դեմ ուղղված արշավին։ 

«Չինաստանում քրիստոնյաների դեմ հալածանքները հասել են մի մակարդակի, որը չի գրանցվել Մաո Ցզեդունի օրոք մշակութային հեղափոխությունից ի վեր։ Չինացի քրիստոնյաները կանոնավոր բանտարկվում և ենթարկվում են խոշտանգումների»,- ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին ներկայացված դիմումում։ «Սիի ղեկավարության ներքո ՉԿԿ-ն կիրառել է մի շարք մեթոդներ՝ քրիստոնեական համայնքներին լռեցնելու համար»։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում