Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն այսօր առաջին եռակողմ բանակցությունը կանցկացնեն

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանագնացներն այսօր առաջին անգամ եռակողմ բանակցություններ կանցկացնեն Աբու-Դաբիում։
Կրեմլը հաստատել է, որ ռուս պաշտոնյաները կմասնակցեն բանակցություններին՝ նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովի՝ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ բանակցությունները «առարկայական, կառուցողական և շատ անկեղծ» էին, բայց վերահաստատել է, որ կայուն խաղաղության համար որևէ համաձայնագիր հնարավոր չի լինի առանց տարածքային հարցերի լուծման։
«Մինչև դա չհասնի, Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հետապնդել հատուկ ռազմական գործողության նպատակները», - ասել է նա։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է եվրոպացի դաշնակիցներին Ռուսաստանի դեմ գործողություններ ձեռնարկելու «քաղաքական կամքի» բացակայության համար։
Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նաև հստակեցրել է, որ Արևելյան Ուկրաինայի տարածքների ապագա կարգավիճակը մնում է չլուծված հարց Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից առաջ։
«Ամեն ինչ վերաբերում է հողին։ Սա այն հարցն է, որը դեռևս լուծված չէ», - Դավոսում լրագրողներին ասել է Զելենսկին՝ հավելելով, որ «ոչ միայն Ուկրաինան, ռուսները ևս պետք է պատրաստ լինեն փոխզիջումների»։
Տարածքային խոչընդոտների թվում է Ռուսաստանի պահանջը, որ Ուկրաինան հրաժարվի Դոնեցկի մարզի 25%-ից, որը դեռևս վերահսկում է Կիևը։
Թեմա
Civilnet










