Վարսենիկի պայքարն արդյունք է տալիս․ անչափահաս երեխաները մոր մոտ են

Գևորգ Թոսունյան
Երեք երեխաների համար պայքարող Վարսենիկ Սեդրակյանը դատարանում հաջողություններ է գրանցում․ մայրը պահանջում էր փոխել երեխաների բնակության վայրը՝ պնդելով, որ հայրը՝ Աբրահամ Մարգարյանը, բռնարար է։ Երեխաները ներկայում մոր խնամքի տակ են։
Վարսենիկ Սեդրակյանի պատմությանը ՍիվիլՆեթն ավելի վաղ անդրադարձել է տարբեր հրապարակումներով՝ ներկայացնելով նրա նկատմամբ կատարված բռնությունն ընտանիքում։
Վարսենիկն ամուսնացել էր 2018-ին, ամուսնու հետ ունեցել են կենցաղային տարաբնույթ վեճեր, սակայն դրանք կա՛մ հարթվել են, կա՛մ անտեսվել մինչև հաջորդը։ Ամուսինը պարբերաբար մեկնում էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Ամուսինը Վարսենիկին բռնության է ենթարկել 2020-ի աշնանից մինչև 2023-ի մարտը։ Նա բնակվում էր ամուսնու տանը՝ Գեղարքունիքի մարզի Լեռնակերտ գյուղում, նրա ծնողների ու տեգրոջ հետ։
2023-ին Վարսենիկը լքում է ամուսնուն։ Այնուհետև սկսում է պայքարել երեխաների վերադարձի համար։ Առաջին ատյանի դատարանում նա մի շարք սխալներ է թույլ տվել, եղել է անուշադիր հայցի նկատմամբ, արդյունքում դատարանը որոշում է կայացրել հօգուտ ամուսնու՝ երեխաների խնամքը փոխանցելով հորը։ Կինը երեխաներին տեսակցելու համար ուներ շաբաթական մի քանի ժամ, և այդ ժամանակի մեծ մասն անցկացնում էր Կոտայք-Գեղարքունիք ճանապարհին։
ՍիվիլՆեթի հրապարակումներից հետո՝ 2025-ի օգոստոսի 27-ին և 29-ին, Գառնիի և Մարտունիի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները (ԽՀՀ) հավելյալ ուսումնասիրություններ են իրականացրել ու եզրահանգել, որ երեք անչափահաս երեխաները պետք է մնան մոր՝ Վարսենիկ Սեդրակյանի մոտ։
Այունեհտև սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կիրառեց հայցի ապահովման միջոց՝ սահմանելով երեխաների և մոր տեսակցության հստակ կարգ, ավելի երկար, քան նախկինում էր։

Շուշանիկ Արսենյան
Դատական վերջին նիստը տեղի է ունեցել նախորդ տարեվերջին։ Վարսենիկ Սեդրակյանի ներկայացուցիչ, փաստաբան Շուշանիկ Արսենյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ դատարանում էական դեր է խաղացել երեխաներից ավագի ցուցմունքը․ «Դատական նիստի ժամանակ կողմերը հարցեր են ուղղել երեխաներին։ Մեծ երեխան դատարանում հայտնեց, որ ցանկանում է բնակվել միաժամանակ մոր և հոր հետ։ Հարցին, թե արդյոք հայրն է ասել, որ նման պատասխան տա, երեխան դատարանում դրական պատասխանեց՝ նշելով, որ հայրը փոխանցել էր՝ եթե նման բան չասի, ապա ոստիկանները կգան և իրեն կտանեն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ երեխաները հոգեբանի ներկայությամբ էին հարցաքննվում։
Արդյունքում դատավոր Մարտին Մանուչարյանն արձանագրել է, որ երեխաների նկատմամբ գործադրվել է հոգեբանական ճնշում։ Ուստի որոշել է նշանակել դատահոգեբանական փորձաքննություն և կասեցրել է գործի վարույթը՝ մինչև փորձաքննության արդյունքների ստանալը։ Փորձաքննությունը նշանակվել է ծնողների ու երեխաների նկատմամբ։
Դրանից հետո էլ հայրը երեխաներին բերել ու թողել է մոր մոտ՝ պնդելով, թե երեխաները ցանկանում են ապրել մոր մոտ։
Շուշանիկ Արսենյանը նաև հայտնեց, որ երեխաների հոր ներկայացուցիչը դիմում է ներկայացրել դատարանին՝ հայտնելով, որ երեխաներն այլևս մոր մոտ են, ու խնդրել է փորձաքննություն չիրականացնել։ Բացի այդ, նույն դիմումի մեջ կողմը հայտնել է, որ այլևս չի ցանկանում մասնակցել նիստերին։
Այս ընտանիքում իրավիճակը եղել է լարված ոչ միայն Վարսենիկի նկատմամբ, այլ նաև ընտանիքի մյուս անդամների։ Աբրահամ Մարգարյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել նաև իր եղբոր նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա ոստիկանությունում հաշվառված է որպես Վարսենիկի նկատմամբ բռնություն գործադրող անձ։
Civilnet










