Գերմանիան կասկածի տակ է դնում եվրոպական նախագծի ապագան. Le Monde

Եվրոգոտու ճգնաժամից շուրջ տասնհինգ տարի անց Գերմանիայում ավելի ու ավելի բարձր է հնչում մի հարց, որը երկար ժամանակ համարվել է գրեթե անթույլատրելի․ Եվրոպական միությունն արդյոք ապագա ունի՞. ֆրանսիական Le Monde-ում գրում է թերթի Բեռլինի թղթակից Էլզա Քոնեսան (Elsa Conesa):
Հոդվածի բնօրինակը՝ Germany questions future of the European project
Ազգայնական ուժերի վերելքը Եվրոպայի տարբեր երկրներում, արդեն չորրորդ տարին Ուկրաինայում շարունակվող պատերազմը՝ առանց հրադադարի հստակ հեռանկարի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Եվրոպայի նկատմամբ շարունակական ճնշումները Բեռլինում ձևավորել են խորացող թերահավատություն ԵՄ-ի կենսունակության հարցում։
Գերմանիայում ավելի հաճախ են կասկածում, որ Եվրոպական միությունը կարող է լինել ավելին, քան պարզապես տնտեսական տարածք։
«Եվրոպական նախագծի նկատմամբ աճող թերահավատություն կա»,- ասում է Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ֆրանցիսկա Բրանթները։ Նրա խոսքով՝ երբ ինքը փորձում է պաշտպանել եվրոպական գաղափարը, հաճախ լսում է հետևյալ արձագանքը․ «Ո՞ւմ հետ ես ուզում կառուցել քո Եվրոպան։ Ջորջիա Մելոնին եվրոսկեպտիկ է, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան՝ նույնպես։ Էմանուել Մակրոնը թուլացրել է իր դիրքերը, իսկ Ֆրանսիան կարող է 2027-ին գնալ ծայրահեղ աջ ուղով»։
Բրանթների գնահատմամբ՝ հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում առաջ շարժվելու կամքը թուլացել է, քանի որ եվրոպացիները վախենում են, թե Ֆրանսիայում իշխանության կարող է գալ Մարին Լը Պենը։ «Եթե շարունակենք թույլ տալ, որ Թրամփը մեզ բաժանի, ապա Եվրամիության վերջը հնարավոր է»,- զգուշացնում է նա։
Այն, ինչ նախկինում աներևակայելի էր թվում, այժմ այլևս տաբու չէ։ Գերմանացի հրապարակախոս Սաբինե Ռենեֆանցը հունվարի 8-ին Der Spiegel-ում հրապարակված իր հոդվածում գրում է, որ Եվրամիության հնարավոր ավարտն այսօր արդեն «ոչ հաճելի գաղափար է, որի մասին պարզապես չեն ցանկանում խոսել»։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի քայքայվում և ամբողջությամբ անկարող չէ գործել, սակայն ներսից թուլացել է։
«Ես չէի զարմանա, եթե տասը տարի անց այս Եվրամիությունն այլևս գոյություն չունենար»,- գրում է Ռենեֆանցը։ Նրա պատկերացմամբ՝ խոսքը մեծ փլուզման մասին չէ, այլ «աստիճանական մարգինալացման»․ պայմանագրերը և շենքերը կմնան, բայց դրանց հիմքում ընկած քաղաքական գաղափարը կվերանա։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որը 2025-ի մայիսին իշխանության գալուց հետո ընկալվում էր որպես Եվրոպայի վերածննդի հույս, այժմ ավելի զգուշավոր է թվում։ Որոշ դեպքերում նա անգամ առաջնահերթ է դարձնում բացառապես գերմանական շահերը։ Դեկտեմբերի 9-ին, ԱՄՆ-ի նոր անվտանգության ռազմավարության հրապարակումից հետո, նա Թրամփին ասել էր․ «Եթե չեք ուզում Եվրոպա, ապա գոնե Գերմանիային դարձեք ձեր գործընկերը»։
Մերցի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, չնայած իր խորապես եվրոպամետ ավանդույթներին, խուսափում է ԵՄ ապագայի վերաբերյալ բաց քննարկումներից։ Պատմաբան Անդրեաս Ռյոդերը, որը մոտ է կուսակցությանը, նշում է, որ քննադատությունը հիմնականում երկկողմ է․ մի կողմից՝ ԵՄ-ի ազդեցության նվազումը միջազգային անվտանգության հարցերում, մյուս կողմից՝ Բրյուսելի չափից դուրս կարգավորումները, որոնք վնասում են գերմանական տնտեսությանը։ Նրա զգուշացմամբ՝ «եթե ՔԴՄ-ն շարունակի խուսափել այս հարցերից, դա կարող է պայթյունի հանգեցնել»։
Գերմանացի վերլուծաբանների շրջանում ավելի հաճախ է քննարկվում «միջուկային խմբի» գաղափարը՝ մի քանի պետությունների համագործակցություն անվտանգության ոլորտում։ Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը առաջարկում է ստեղծել «նման մտածողություն ունեցող երկրների միջուկ», որը կկարողանա առաջ շարժվել՝ հրաժարվելով միաձայնության կանոնից։ Նրա համոզմամբ՝ Գերմանիայի ներկա կառավարության ներսում այդ գաղափարը լայն աջակցություն ունի։
«Եվրամիությունն ունի հսկայական ներուժ, սակայն ներկայիս ձևաչափով ի վիճակի չէ լուծել պաշտպանության խնդիրները»,- ասում է Իշինգերը՝ ընդգծելով, որ առնվազն Մեծ Բրիտանիայի բացակայությունը լուրջ խնդիր է։
Ֆրանցիսկա Բրանթները ևս պնդում է, որ անհրաժեշտ է վերականգնել եվրոպական պաշտպանության համայնքի գաղափարը՝ 1952-ի մոդելով. «Բայց ոչ 27 պետությամբ։ Եվրոպան միշտ առաջ է շարժվել ավելի փոքր ձևաչափերով՝ ինչպես եվրոյի կամ Շենգենյան գոտու ստեղծման ժամանակ»։
Այս մոտեցումը կիսում է նաև Ֆրիդրիխ Մերցը, որն անվտանգության հարցերում նախընտրում է «E3» ձևաչափը՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ, երբեմն ներգրավելով նաև Իտալիային ու Լեհաստանին։ Թեև այս մոդելը կարող է արդյունավետ լինել, փորձագետները զգուշացնում են, որ այն նաև վտանգում է Եվրամիության ներքին միասնականությունը։
Թեմա
Civilnet










