Բաքուն զգուշավոր է Իրանում բողոքներին միացող էթնիկ ադրբեջանցիների հարցում. այս մասին Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գրում է հետազոտող Բաշիր Կիտաչաևը։
Ամեն անգամ, երբ Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում իրավիճակն ապակայունանում է, ադրբեջանական ազգայնական շրջանակները դա դիտարկում են որպես «ադրբեջանցի ժողովրդի վերամիավորման» հնարավորություն։
Վերջին տարիներին «պատմական հողերի ազատագրման» մասին ազգայնական արմատական խոսույթը աստիճանաբար ներթափանցել է նաև պաշտոնական Բաքվի հռետորաբանության մեջ։ Սակայն Իրանում ընթացող ներկայիս ճգնաժամի պայմաններում Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը մնում է զգուշավոր։
Բաքուն, ամենայն հավանականությամբ, մտահոգված է հարավային սահմանների հնարավոր ապակայունացմամբ, տնտեսական ցնցումներով և չի ցանկանում վտանգել Թեհրանի հետ վերջին տարիներին արձանագրված հարաբերությունների համեստ բարելավումը։
Իրանում բողոքների ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցներում կրկին ակտիվացել է այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» թեման՝՝ Իրանի հյուսիսային այն շրջանները, որտեղ էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում։ Ազգայնական շրջանակները այդ գործընթացը ներկայացնում են որպես «սահմանի այս կողմում հայրենակիցների հետ վերամիավորման» հնարավորություն։ Այս պատկերացումը բխում է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ կառուցված այն պատմույթից, ըստ որի երկիրը ամրոց է՝ շրջապատված թշնամիներով, որոնք «անարդար կերպով տիրացել են պատմական հողերին»։
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը երկար ժամանակ օգտագործել է ռևանշիստական տրամադրությունները՝ հասարակությունը համախմբելու և ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ Իրանում ընթացող բողոքի պայմաններում Ադրբեջանի իշխանությունները, որոնք սովորաբար արագ ճնշում են ցանկացած հանրահավաք, այս անգամ թույլ տվեցին Բաքվում Իրանի դեսպանատան առջև ցույց անցկացնել «Թող Ադրբեջանը միավորված լինի» կարգախոսով։
Սակայն «վերամիավորման» գաղափարը, որքան էլ հարմար լինի ազգային դիցաբանության համար չի արտացոլում Իրանի ադրբեջանցիների իրական պահանջները։ Չնայած Իրանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ գոյություն ունեցող սահմանափակումներին, մասնավորապես՝ ադրբեջաներենի ուսուցման և մշակութային ինքնարտահայտման ասպարեզում, Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում անջատողական որևէ լուրջ դրսևորում չի արձանագրվել։
«Բողոքներն այնտեղ հիմնականում համընկնում են ամբողջ երկրի դժգոհությունների հետ՝ կոռուպցիա, տնտեսական ճգնաժամ, բռնաճնշումներ»,- նշում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ թե՛ նախկինում, թե՛ այժմ բողոքների ընթացքում անջատողական կոչեր չեն հնչել։
Ավելին, Իրանի ադրբեջանցիները հաճախ նույնիսկ ավելի զուսպ են իրենց պահանջներում և միշտ չէ, որ աջակցում են միապետության վերականգնման կոչերին։ Փահլավիների դինաստիայի (1925–1979) շրջանը, որը որոշ շրջանակներ ներկայացնում են որպես ազատության և բարեկեցության ժամանակաշրջան, Իրանի ադրբեջանցիների հիշողության մեջ կապվում է հարկադրական ձուլման և խտրական քաղաքականության հետ։
Կիտաչաևի համոզմամբ՝ այսօր Իրանի քաղաքական և անվտանգային վերնախավում ադրբեջանցիները լայնորեն ներկայացված են․ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը էթնիկ ազերիներ են։
Հոդվածագիրն ընդգծում է, որ Ալիևի վարչակարգը դժվար թե գրավիչ այլընտրանք լինի Իրանի իսլամական իշխանությանը։ Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Freedom House-ի զեկույցների, Ադրբեջանում քաղաքական ազատությունները նույնիսկ ավելի սահմանափակ են, քան Իրանում. «Իրանում պահպանողականների և բարեփոխականների միջև դեռ քաղաքական մրցակցություն կա, ընտրություններն ավելի ազատ են, և չկա իշխող ընտանիքի շուրջ ձևավորված պաշտամունք»։
Բաքուն նաև գիտակցում է, որ «վերամիավորման» գաղափարը գործնականում ուտոպիա է։ Այդ պատճառով, թեև իշխանությունները թույլ են տալիս, որ ազգայնականները հանրային խոսույթում արծարծեն այդ թեման, նախագահը և բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են հրապարակային մեկնաբանություններից։
Հեղինակի գնահատմամբ՝ Ադրբեջանը վախենում է կորցնել նույնիսկ այն սահմանափակ առաջընթացը, որ արձանագրել է Թեհրանի հետ հարաբերություններում։ Իրանը զգայուն է Հարավային Կովկասում իր ազդեցության նվազման հարցում և սպառնալիք է ընկալում ԵՄ-ի և ԱՄՆ-ի աճող դերը, Հայաստանի մերձեցումը Արևմուտքին, ինչպես նաև Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունները։
Վերջին տարիներին Բաքու–Թեհրան հարաբերությունները տատանվել են պրագմատիկ մերձեցման և սուր լարվածության միջև՝ փոխադարձ մեղադրանքներով, կոշտ հայտարարություններով և անգամ սահմանային զորավարժություններով։ Սակայն, ինչպես նշվում է հոդվածում, այդ հակասությունները չեն վերածվել իսկապես խոր ճգնաժամի։ Իրանի իրական լծակները Հարավային Կովկասում սահմանափակ են, և Բաքուն փորձում է «Թեհրանին չդրդել ավելի կոշտ քայլերի»։
Ադրբեջանի ղեկավարության համար Իրանի հնարավոր ապակայունացումը ոչ պակաս վտանգավոր է։ Իրանի՝ Սիրիայի կամ Լիբիայի նման սցենարով քաոսի մեջ ընկնելը կարող է Ադրբեջանին զրկել կարևոր առևտրային գործընկերոջից, իսկ տնտեսական կապերի խզումը ծանր հարված կհասցնի երկրի տնտեսությանը։ Բացի այդ, նույնիսկ փախստականների սահմանափակ հոսքը կարող է սոցիալական և տնտեսական լուրջ մարտահրավեր դառնալ Բաքվի համար։
Հոդվածի հեղինակը եզրակացնում է, որ Ադրբեջանի իշխանությունները լավ գիտակցում են՝ Իրանում բողոքները առաջինը չեն, և իշխանությունը բազմիցս կարողացել է ճնշել դրանք։ Համակարգի մոտալուտ փլուզման նշաններ չկան, իսկ Թեհրանի հասցեին սուր կամ սադրիչ հռետորաբանությունը կարող է վտանգավոր լինել։ Այդ պատճառով Բաքվի ռազմավարությունը հիմնված է «սպասման, դիվանագիտական զսպվածության և ռիսկերի նվազեցման վրա», այլ ոչ թե մշուշոտ ազգայնական կամ աշխարհաքաղաքական շահերի վրա խաղադրույք անելու։
Civilnet











