Գլխավոր Լրահոս

Ավտովթարից հետո հրապարակվել է Ադամ Կադիրովի առաջին գրառումը՝ «Գահերի խաղը» սերիալի մեջբերումներով

Ավտովթարից հետո հրապարակվել է Ադամ Կադիրովի առաջին գրառումը՝ «Գահերի խաղը» սերիալի մեջբերումներով

Ելիզավետա Չուխարովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 18-ամյա որդին՝ Ադամ Կադիրովը, Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որը նրա առաջին ակտիվությունն է սոցիալական ցանցերում ավտովթարից հետո, որը տեղի էր ունեցել անցած շաբաթ։

Տեսանյութում, որը ցուցադրված է դանդաղ շարժումով, Ադամ Կադիրովը նստած է բազկաթոռին՝ գլխին կովբոյական գլխարկ։ Ֆոնին հնչում է չեչեն երգիչ Թիմուր Մուցուրաևի «Նրանք հեռացան» երգը։ Երգը Ռուսաստանում ճանաչված է որպես ծայրահեղական․ համապատասխան ցանկում այն նշված է այլ անվան տակ՝ «Հիշողության պատկերասրահ»։ Այն հայտնի է նաև երրորդ անունով՝ «Նահատակները դատաստանի օրը»։

Տեսանյութի վրա հնչում է «Գահերի խաղը» սերիալի կերպար Էդուարդ Սթարկի խոսքը. «Կարծում ես, թե իմ կյանքն այնքան թա՞նկ է ինձ համար, որ ես այն կփոխանակեմ պատվի դիմաց մի քանի տարվա հետ։ Դու մեծացել ես դերասանների մեջ և լավ ես սովորել նրանց արվեստը։ Ես մեծացել եմ մարտիկների մեջ և վաղուց եմ սովորել, թե ինչպես մահանալ»։

Հավանաբար տեսանյութը նկարահանվել է դեռ մինչև ավտովթարը․ ենթադրվում է, որ այն նկարահանվել է հունվարի 9-ին՝ խառը մենամարտերի ACA 198 մրցաշարի ընթացքում։ Այդ մրցաշարից ավելի վաղ կադրեր էր հրապարակել Ռամզան Կադիրովը, և այդ տեսանյութերում Ադամ Կադիրովը երևում է նույն հագուստով և նույն բազկաթոռին նստած։ Ադամ Կադիրովը ևս մեկ շաբաթ առաջ պատմություններ էր հրապարակել այդ մրցաշարից, որոնք մինչ այժմ հասանելի են նրա Instagram-ի highlight-ներում։

Թիմուր Մուցուրաևը չեչեն երգիչ է, որը Չեչնիայի պատերազմների ընթացքում կռվել է ռուսական զորքերի դեմ։ «Նրանք հեռացան» երգը նվիրված է նրա զոհված մարտական ընկերներին։

Ծայրահեղական նյութերի հրապարակումը կարող է որակվել որպես վարչական իրավախախտում՝ «ծայրահեղական նյութերի արտադրություն և տարածում» հոդվածով, կամ քրեական հոդվածներով՝ «հանրային կոչեր և ատելության կամ թշնամանքի հրահրում»։ Վարչական իրավախախտման դեպքում հնարավոր է միայն տուգանք, մինչդեռ քրեական պատասխանատվության դեպքում կարող է սահմանվել մինչև հինգ տարվա ազատազրկում։

Գրառումը հրապարակվել է այն տեղեկությունների ֆոնին, որ հունվարի 16-ին Գրոզնիում Ադամ Կադիրովը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ նա ստացել է ծանր վնասվածքներ, այդ թվում՝ ծնոտի կոտրվածք, և բուժում է անցնում Մոսկվայում։ Չեչնիայի իշխանություններն այս տեղեկությունները չեն մեկնաբանել։

Չորեքշաբթի Գուդերմեսի շրջանի ոստիկանության բաժնի պետ Իսխակ Չալաևը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա նույնպես երևում է Ադամ Կադիրովի հետ՝ Շիրա-Բենա հանգստավայրում։ Տեսանյութը նկարահանվել է 2025-ին, սակայն պետական վերահսկողության ներքո գտնվող չեչենական լրատվամիջոցները այն վերահրապարակել են՝ առանց մեկնաբանելու Ադամ Կադիրովի առողջական վիճակը։

Հունվարի 17-ին Ռամզան Կադիրովի սոցիալական էջերում հրապարակվել էր նրա և որդու հանդիպման տեսանյութը։ Սակայն շուտով պարզվել էր, որ Telegram-ում տեղադրված տարբերակը պարունակում է չջնջված մեթատվյալներ, որոնցից հնարավոր է եղել պարզել, որ նկարահանումը կատարվել է հունվարի 15-ին՝ վթարից առաջ։

Վթարի մասին տեղեկություններից հետո Ռամզան Կադիրովը չորեքշաբթի առաջին անգամ հրապարակավ հայտնվել է դրա մասին։ Նա այցելել է Գրոզնիի Սթարոպրոմիսլովսկոյե մայրուղու մի հատված՝ «Սաֆիա» հանդիսությունների սրահի մոտ, որտեղ տեղի էր ունեցել որդու մասնակցությամբ ավտովթարը։ Հրապարակված տեսանյութում Գրոզնիի քաղաքապետ Խաս-Մագոմեդ Կադիրովը նրան պլանշետի վրա ներկայացնում է նոր ճանապարհային հանգույցի նախագիծը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում